Տարօրինակ է, երբ քաղաքական միավորի գլուխ հանդիսացողը տեղյակ չի իր իսկ քաղաքական «հոր» անվան շուրջ ծագող սկանդալների մասին


10:30 , 30 մայիս, 2013

Ես իհարկե հասկանում եմ, որ քաղաքական գործիչները ամենագետ չեն ու ամեն ինչից տեղյակ չեն կարող լինել, բայց առնվազն տարօրինակ է, երբ քաղաքական միավորի գլուխ հանդիսացողը տեղյակ չի իր իսկ քաղաքական ուժի գաղափարախոսական «հոր»՝ աշխատանքից ազատվելու ու նրա շուջ ծագող սկանդալների մասին:  «Հրապապարակ»-ը գրել է.

«Վերջերս ձեր թիմը բավականին մեծ կորուստ կրեց... կադրային ոլորտում, ծա՞նր տարաք, հարցրինք ՄԻԱԿ-ի «գաղափարական հայր», Աժ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանին, նկատի ունեինք Արա Հովսեփյանի պաշտոնանկությունը «Հյուսիս-հարավ» ծրագրի տնօրենի պաշտոնից:
«Ոչ, ծանր չտարանք»:

Պատճառը ո՞րն էր, այդպես էլ չիմացանք: 

«Անկեղծ ասած` ես քաղաքից բացակայել եմ, տեղյակ չեմ, կճշտեմ, ձեզ կասեմ»:

Պարո՞ն Մարտիրոսյան, Դուք արդեն «հազար» օր է, ինչ քաղաքում եք, այդ ընթացքում նույնիսկ քաղաքի ընտրություններն ավարտվեցին, չե՞ք ճշտել: 

«Տեղյակ չեմ»: 

Գոնե Ձեր տիկինը` Արա Հովսեփյանի մամլո քարտուղարը, Ձեզ չասա՞ց: 

«Չէ, չասաց, ինքն էլ տեղյակ չէ»:

Ինչպե՞ս եք դիմագրավելու այդ «փորձությանը»: 

«Արա Հովսեփյանը շատ լավ մասնագետ է, շատ լավ կրթություն ունի, շատ մեծ աշխատանքային փորձ, վստահ եմ, որ առաջիկայում ևս շատ լավ աշխատանք կունենա»: 

Բոլոր ՄԻԱԿ-ներին տարհանե՞լ են «Հյուսիս-հարավից»:

«ՄԻԱԿ-ից Արայի մոտ մարդ չի աշխատել» »: