Ըստ Հարկային օրենսգրքի՝ ստացվում է, որ մեր պետությունը «սիրում է» մի քանի տասնյակ ֆիրմաների


18:00 , 9 նոյեմբեր, 2018

Հարկային օրենսգիրքն արտահանման վրա շահութահարկի 20 տոկոս բեռ է դնում: Եթե 40 մլրդ դրամ շեմն անցնում ես` 5 տոկոս, 50 մլրդի դեպքում` 2 տոկոս:

Սա, եթե համարենք, որ Հարկային օրենսգիրքը տնտեսական ուղերձների ժողովածու է, նշանակում է, որ մեր պետությունն ասում է.

«Հարգելի գործարար, եթե դու 8 կամ 10 միլիոն դոլարի ապրանք ես արտահանում, մենք քեզ շատ ենք սիրում, բայց եթե մինչև 8 միլիոն ես արտահանում, կներես, դա մեզ հետաքրքիր չէ»:

Գործնականում սա նշանակում է, որ մեր պետությունը «սիրում է» մի քանի տասնյակ ֆիրմաների: Ընդ որում, ի հեճուկս հնչող հայտարարությունների՝ հատկապես «սիրելաբան» են մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները: Ինչու՞. որովհետև, ասենք, միջին չափի պահածոների գործարանը կամ միջին չափի կոշիկի ցեխը որևէ շանս չունի պետության «սերը վայելելու» մրցավազքում առաջ անցնել մետալուրգներից:

Հակադարձ ուղերձներին անդրադառնալով՝ տեսնենք ի՞նչ են ասում միջին չափի կոշիկի ցեխն ու մետաղաձուլական հսկան Հայաստանի Հանրապետությանը: Բայց նախ՝ արձանագրենք, որ ապրանք արտահանել նշանակում է դրսի փողով պահել սեփական ժողովրդին, իսկ ապրանք ներկրել` սեփական փողով պահել այլ երկրի ժողովրդի:

Մետաղաձուլական հսկան ասում է․ «Գիտե՞ս, եղբայր, կան ժողովուրդներ, որոնք ուզում են գնել քո ընդերքը: Դա կարող է վնաս տալ քո բնությանը, առողջությանը: Այդ ամենի բեռը ես թողնում եմ քեզ վրա, որովհետև չեմ պատրաստվում որևէ մեկից ավելի շատ հարկ վճարել: Եվ ամենակարևորը՝ սա ժամանակավոր է, սրա վրա տնտեսության այլ ճյուղեր զարգացնել դժվար թե ստացվի, որովհետև մետալուրգիան սպեցիֆիկ համալիր է: Իմ գործունեության արդյունքում դու կունենաս մոտ մեկ տասնյակ հարուստներ, մի քանի հարյուր աղքատ ու հիվանդ գործազուրկ-մետալուրգներ»:

Միջին չափի կոշիկի ցեխն ասում է. «Դե ես կսկսեմ մոտ մեկ տասնյակ աշխատատեղից, աշակերտներ կպատրաստեմ, որ որակ տամ: Կպահեմ կաշեգործի ու անասնաբույծի ընտանիքը, երկու-երեք դիզայներ կվարձեմ... Սա քանի գնա, զարգանալու է ու մեծանալու, ես գործնականում հավերժ եմ ու մարդկանց տալիս եմ սոցիալական երաշխիքներ` չպատճառելով ոչ մի վնաս: Իմ գործունեության վերջնարդյունքում դու կունենաս միջին խավ»:

Մեր պետությունն առաջինին ասում է՝ «սիրում եմ», իսկ երկրորդին` «կներես, դու ավելի լավին ես արժանի»:

Հիմա սա ինչո՞ւ եմ հիշել: Այսօր մեկը հայտարարել է, որ մենք լավ չենք ապրում, որովհետև մարդիկ չեն աշխատում: Ես հույս ունեմ, որ այդ մարդիկ, որոնք չեն աշխատում, հարկային օրենսգրքի քաղաքական պատասխանատուները չեն: Որովհետև մինիմում անաշխատունակ վաշխառուն իրեն թույլ կտա գերանը կոտրել միջին խավի ողնաշարին ու ասել, որ 350 հազար մարդ 800 հազարին չի կարող պահել: