ՌԴ ԱԴԾ-ն ԱԱ-ի ժամանակ անօդաչուով ահաբեկչական մի շարք հարձակումներ է կանխել


13:20 , 7 նոյեմբեր, 2018

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակման իրականացման ծրագրեր:

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ծառայության աշխատակիցներին հաջողվել է բացահայտել միանգամից 7 ահաբեկչական խմբավորում, որոնք պատրաստվում էին հարձակումներ իրականացնել օտարազգի երկրպագուների դեմ:

Իրականացված գործողության մանրամասները չեն ներկայացվում, Բորտնիկովի խոսքով՝ գրոհայինները մտադիր են եղել հարձակումներ իրականացնել նաև այլ մարզական ու քաղաքական մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ:

Պաշտոնյան փաստել է, որ անօդաչու սարքերի ազատ վաճառքի վերահսկման բացակայությունը հասանելի է դարձնում դրանք նաև ահաբեկիչների համար:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվել է Ռուսաստանում՝ 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը, հաղթել է Ֆրանսիան: