«Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարությունը որոշել է Ֆեյսբուքից ջնջել 7000 ակտիվ հետևող ունեցող էջը». Ռուսլան Բաղդասարյան


19:47 , 6 նոյեմբեր, 2018

Սիրելի դավթաշենցիներ,

Վերջին օրերին բնակիչներից մեծ թվով անձնական նամակներ եմ ստացել՝ տարբեր խնդիրների հետ կապված։ Պատասխանել եմ, որ գրեն Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջին, որի միջոցով այսքան տարի պահել ենք անմիջական շփումը բնակիչների հետ։

Ասեմ, որ դեռևս վարչական շրջանի նոր ղեկավարի նշանակման նախորդ օրը էջի ադմինիստրատորներին խնդրել եմ այն փոխանցել նոր ղեկավարության կողմից լիազորված որևէ մեկին, իսկ ինձ հեռացնել ադմինների ցանկից։
Սակայն, ի զարմանս ինձ, բնակիչները պատասխանեցին, որ Դավթաշեն վարչական շրջանի էջը հասանելի չէ Ֆեյսբուքում։

Հետաքրքրվեցի, և ահա թե ինչ պարզվեց։

Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարությունն ընդամենը մեկ օր անց որոշել է Ֆեյսբուքից ջնջել 7000 ակտիվ հետևող ունեցող էջը։

Մեզ հաջողվեց չեղյալ անել այդ պրոցեսը և պահել այդ էջը՝ որպես Դավթաշենցիների համար նախատեսված հարթակ։
Թյուրընկալումները և հնարավոր շահարկումները կանխելու համար շեշտեմ՝ «Դավթաշեն վարչական շրջան» էջը բացվել է 2011 թվականին այն ժամանակվա թաղապետի նախաձեռնությամբ, այն Երևանի քաղաքապետարանին կամ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին չի պատկանում։ Այն ստեղծվել և պահվել է մեր նախաձեռնությամբ, պատկանում է դավթաշենցիներին, և ոչ ոք իրավունք չունի այն փակելու։ Իսկ թե ինչու էր նոր ղեկավարությունը որոշել փակել բնակիչների հետ անմիջական շփման հարթակ հանդիսացող այս էջը, որի միջոցով բնակիչները բարձրաձայնում էին իրենց խնդիրներն ու առաջարկությունները, ինձ համար հասկանալի չէ, պատճառների մասին կարող եք հենց իրենցից հետաքրքրվել։

ՀԳ. Քաղաքապետ Հայկ Մարությանին

Պրն քաղաքապետ, ստեղծած լավ բաները քանդելով զարգացում չի լինում, զարգացման համար աշխատանքը պետք է շարունակական լինի։

Կից նյութն՝ այստեղ։