ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել. Բոլթոն


15:10 , 6 նոյեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, որոնք ուղղված կլինեն նավթային, բանկային եւ տրանսպորտային ոլորտներին։

«Մեր նոր պատժամիջոցները սրանցից ավելի կոշտ կլինեն։ Մենք չենք բավարարվի անցյալում եղած պատժամիջոցների մակարդակով»,- Fox Business-ին տված հարցազրույցում ասել է Բոլթոնը։

Բոլթոնը նշել է, որ պատժամիջոցները «հսկայական» ազդեցություն են գործել Իրանի տնտեսության վրա՝ ռիալն ընկել է 70 տոկոսով, ինֆլյացիան չորս անգամ մեծացել է։ Նա նաեւ հավելել է, թե այս ամենը կհանգեցնի նրան, որ Իրանը «չի կարողանա շարունակել իր միջուկային ծրագիրը, ֆինանսավորել ահաբեկչությունը եւ Մերձավոր Արեւելքում զբաղվել ռազմական գործունեությամբ»։

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ կոշտ պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին 2015 թ-ին Իրանի ու Մեծ վեցնյակի միջև միջուկային գործարքի կնքումից հետո։ Դրանք վերաբերվելու են Էներգետիկայի և բանկային ոլորտներին, որոնք սերտորեն առնչվում են հայ-իրանական համագործակցության օրակարգին։

Արգելափակվելու են Իրանի կառավարության, իրանական էներգետիկ ընկերությունների՝ Iranian Oil Company-ի և Naftiran Intertrade Company-ի, ինչպես նաև՝ Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց և ընկերությունների ակտիվները: Իրանի դեմ պատժամիջոցները կներառեն ավելի քան 600 ընկերությունների և ֆիզիկական անձանց, կտրուկ կսահմանափակվի նավթի արտահանումը:

Իրանի հետ միջուկային գործարքի մյուս մասնակիցները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Չինաստանը, դեմ են արտահայտվում ԱՄՆ այս քաղաքականությանը: ԱՄՆ նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ պատժամիջոցները մտցվելու են այնպես, որ Իրանին սահմանակից բարեկամ երկրները չտուժեն: