Armsport.am-ը գրում է․
Ավստրիացի Դոմինիկ Տիմը և խորվաթ Մարին Չիլիչը դարձել են ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) Ամփոփիչ մրցաշարին որակավորված վերջին մասնակիցները:
Թենիսիստները Լոնդոնում կայանալիք մրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել Փարիզի «Մասթերսում» հաջող ելույթների արդյունքում. Չիլիչը հասել է մինչև 1/4 եզրափակիչ, իսկ Տիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Կարեն Խաչանովի հետ:
30-ամյա Չիլիչը չորրորդ անգամ է մասնակցելու Ամփոփիչ մրցաշարին, իսկ 25-ամյա Տիմը՝ երրորդ:
Ավելի վաղ Ամփոփիչ մրցաշարի ուղեգիր էին նվաճել իսպանացի Ռաֆայել Նադալը, սերբ Նովակ Ջոկովիչը, արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոն, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը և հարավաֆրիկացի Կևին Անդերսոնը:
Մրցաշարի պահեստային թենիսիստները լինելու են ճապոնացի Կեի Նիսիկորին և ամերիկացի Ջոն Իսները:
Ամփոփիչ մրցաշարը կայանալու է նոյեմբերի 11-18-ը, Լոնդոնի «O2» համալիրում: Տարվա 8 լավագույն թենիսիստների մասնակցությամբ մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: