«ՔՊ-ն արտահերթ ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով. բոլոր անդամները, բացի Նիկոլ Փաշինյանից, կառաջադրվեն ռեյտինգային ցուցակներով». Վահան Կոստանյան


14:55 , 3 նոյեմբեր, 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախնական քննարկում է եղել, ըստ որի՝ քաղաքական թիմի բոլոր անդամները նաև ռեյտինգային ընտրակարգով պետք է առաջադրվեն` բացի Նիկոլ Փաշինյանից:

Նա նաև հայտնեց, որ որոշում է կայացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու են «Իմ քայլը» դաշինքով։

Վահան Կոստանյանն ասաց, որ ռեյտինգային թեկնածու ունենալը Ընտրական օրենսգրքի պահանջ է, և յուրաքանչյուր ընտրատեղամասում առնվազն հինգ թեկնածու պետք է լինի:

«Սրանք քաղաքական ընտրություններ են, և մենք նախևառաջ համամասնական տրամաբանության վրա ենք կառուցելու քարոզարշավը»,- ասաց նա:

Վահան Կոստանյանը նշեց, որ կարևորագույն խնդիրը քաղաքացիներին հասցնելն է այն հաղորդագրությունը, որ նախևառաջ քվեն տան ոչ թե անձին, այլ այս կամ այն ուժին, իսկ հետագայում, եթե ցանկություն ունենան, ապա քվեաթերթիկի դարձերեսում երկրորդ նշում անեն ու ընտրեն կոնկրետ անհատին։

Վահան Կոստանյանը համաձայն չէ դիտարկմանը, թե ՔՊ-ում դեռ չկան այնպիսի անհատներ, որ իրենցով պայմանավորված նաև ձայներ ստանա կուսակցությունը, և այս դեպքում կուսակցությունն է նրանց համար ձայներ ապահովում:

«Բայց մենք ելնում ենք համամասնական ընտրությունների տրամաբանությունից, քաղաքական օրակարգ ձևավորելու տրամաբանությունից, որ նախևառաջ քաղաքացին պետք է ընտրի քաղաքական ծրագիր և այդ տրամաբանությամբ քաղաքական ուժը, մեր պարագայում՝ «Իմ քայլը» դաշինք»,- ասաց նա: