Գաբրիել Ղազարյանը շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ Հովհաննես Յազիչյանին


11:00 , 3 նոյեմբեր, 2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել և նախարարության շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ, աշխարհի և Եվրոպայի 9-ակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Յազիչյանին:

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

«Մեծ է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզներում ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևի զարգացման ուղղությամբ»,- շնորհակալագրի հանձնման արարողությունից հետո ասել է նախարարի պաշտոնակատարը:

Գաբրիել Ղազարյանը նաև ընդգծել է Հովհաննես Յազիչյանի կատարած աշխատանքների կարևորությունը՝ արտերկրում բնակվող պատանիների և երիտասարդների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության ավելացման, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման, Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ:

Պարոն Յազիչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, իր աշխատանքային գործունեությունը և մարզական նվաճումները բարձր գնահատելու համար:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամները՝ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: