Գալիք տարի Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4 604 ԱՄՆ դոլար


19:28 , 2 նոյեմբեր, 2018

Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2019 թվականին կկազմի 4 604 ԱՄՆ դոլար: Այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ներկայացված փաստաթուղթը հիմնված է նախորդ ժամանակահատվածի վիճակագրության վրա: Մենք այլ վիճակագրություն չունենք: Իհարկե, օգտագործված է այնպիսի մեթոդաբանություն, որն արդի աշխարհում ընդունված է, և դատելով մինչ այժմ կիրառված մեթոդաբանության արդյունքներից, մենք ենթադրում ենք, որ մակրոցուցանիշների ավելի լավ կանխատեսումներ մենք ուղղակի չէինք կարող ունենալ: Սպասվում էր, որ 2018թ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կլինի 4280 դոլար, 2019-ին այն կկազմի 4604 դոլար, արդյոք սա է այն, ինչը մեր համար համարում ենք լավագույնը, թե՝ ոչ, իհարկե՝ ոչ»,- ասաց Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում փոփոխված իրավիճակը բյուջեի վրա չի ազդել, ինչը վկայում է տարիներ շարունակ ձևավորված ֆինանսական կայունության մասին:

«Փոփոխված իրավիճակը ներկայացված փաստաթղթի վրա իր ազդեցությունը չի ունեցել, որովհետև իրավիճակի փոփոխությունը որոշակի ժամանակային լագով է միայն ազդում ցուցանիշների վրա, հետևաբար, չէր կարող ներկայացված փաստաթուղթն իր մեջ ներառել հնարավոր զարգացումները կամ որևէ վարքագծի հնարավոր փոփոխություններ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: