Դախանավար՝ հայկական լեռները պաշտպանող բարի վամպիրը. հայկական հին առասպել


22:45 , 31 հոկտեմբեր, 2018

Հին հայկական առասպելաբանության մեջ Դախանավարը վամպիր էր, ով ապրում էր Ուլտիշ-Ալտո Տեմի լեռներում: Նա հայտնի էր նրանով, որ երբևէ չէր սպանում տեղի բնակիչներին, այլ բացառապես օտարների «որս էր կատարում»:

Դախանավարը, համաձայն լեգենդի, սեփականացրել էր 366 հովիտներ և այնտեղ երբեք ներս չէր թողնում անծանոթների: Տիրապետելով գերմարդկային ուժի՝ նա երկար տարիներ պաշտպանում էր տեղի բնակիչներին՝ թույլ չտալով թշնամիներին մուտք գործել Ուլտիշ-Ալտո Տեմ լեռնային կիրճ ու նվաճել Հայաստանը: Երբ ինչ-որ մեկը փորձում էր ներխուժել նրա հողեր, Դախանավարը գիշերով հարձակվում էր անծանոթի վրա և սպանում նրան՝ խմելով վերջինիս արյունը:

Դախանավարի մասին հիշատակվում է 1854 թ. բարոն Ավգուստ ֆոն Ակստաուսենի պատմության մեջ: Համաձայն դրա՝ վամպիրը համբերատարորեն գնում էր ճամփորդների հետևից, մինչև վերջիններս կանգ էին առնում՝ հանգստանալու: Երբ վրա էր հասնում գիշերը, Դախանավարը հարձակվում էր մարդկանց վրա՝ կծելով զոհերի ոտքերը:

Հայկական լեգենդն ասում է.

«Մի անգամ այս երկրի քարանձավներից մեկում Դախանավար անունով մի վամպիր բնակություն հաստատեց, ով տանել չէր կարողանում նրանց, ովքեր ցանկանում էին ոտք դնել այս լեռներ կամ հաշվել հովիտների քանակը: Յուրաքանչյուրը, ով փորձում էր անել դա, մեռնում էր, քանի որ գիշերվա ընթացքում վամպիրը կծում էր նրա ոտքը և խմում արյունը: Մի անգամ վամպիրին շփոթեցրին երկու ճամփորդներ, որոնք ցանկանում էին հաշվել հովիտների քանակը:

Երբ վրա հասավ գիշերը, նրանք պառկեցին քնելու՝ ոտքերը դնելով մյուսի գլխի տակ: Եկավ դախանավարը, սակայն չկարողացավ գտնել նրանց ոտքերը: «Ա՜խ, ես շրջել եմ այս լեռների բոլոր 366 հովիտներում և անդադար խմել եմ մարդկանց արյուն, սակայն երբեք չեմ տեսել մեկին, ով երկու գլուխ ունենա, բայց ոտքեր չունենա»,- ասել է Դախանավարը: Դրանից հետո նրան այլևս ոչ ոք երբեք չի տեսել: Սակայն այսպիսով մարդիկ իմացան երկու ճամփորդներից, որ լեռներում 366 հովիտ կա»:

Դախանավարի կերպարն օգտագործվել է Ջոնաթան Մայբերիի «Վամպիրների տիեզերք» գրքում:

«Դախանավարը պաշտպանում է իր տարածքները և կհարձակվի յուրաքանչյուրի վրա, ով կփորձի այդ հողերի քարտեզը կազմել կամ հաշվել շրջանի հովիտներն ու բլուրները: Նա արդարացիորեն վախենում է, որ լանդշաֆտի մասին ամբողջական գիտելիքներ ունենալը կբացահայտի իր բոլոր գաղտնի վայրերը»:

Անգամ այսօր Հայաստանի որոշ ճանապարհորդներ, մասնավորապես նրանք, որոնք Արարատ լեռան շրջան են այցելում, անվտանգության միջոցներ են ձեռնարկում հնարավոր այնպիսի չար ոգիներից պաշտպանվելու համար, ինչպիսին է Դախանավարը: Հաճախ նրանք սխտորի պճեղներ են պահում գրպանում կամ սխտոր են քսում կոշիկներին: Եթե բաց երկնքի տակ գիշեր են անցկացնում, ապա մեծ խարույկ են վառում և դրա մեջ սխտոր են նետում: Այո՛, սա իրականություն է: