«Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից և տեղափոխվել Ձորաղբյուր գյուղ». Նաիրի Պետրոսյան


14:57 , 31 հոկտեմբեր, 2018

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները:

Այս մասին հայտնեց 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

Վերջինս ավելացրեց, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:
Սերժ Սարգսյանը Կառավարական ամառանոցում բնակություն է հաստատել 2008-ին՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո։ 

Հիշեցնենք, որ Կառավարության ձևավորման առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել էր զբաղվել 3-րդ նախագահին բնակարան տրամադրելու հարցով: 

Էդուարդ Աղաջանյանն ավելի վաղ ասել էր, որ Սերժ Սարգսյանին առանձնատան մի քանի տարբերակ է առաջարկվել, սակայն նրա գրասենյակը մերժել էր բոլոր տարբերակները:

Երրորդ նախագահի գրասենյակից պարզաբանել էին, որ մերժումը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներից ելնելով: Սերժ Սարգսյանին առաջարկված առանձնատան վերջին տարբերակն Ավանում էր: