«Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի՝ կալանավորման դեմ բողոքը դատարանը մերժել է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ նշելով, որ միաժամանակ մերժվել է նաև խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդությունը, գրավի չափը նրանք թողել էին դատարանի հայեցողությանը:
Ըստ պաշտպանի՝ կալանավորումից հետո որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել, իսկ դրանից առաջ՝ չի կարող ասել, քանի որ նախաքննության գաղտնիք է:
Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ էլ դեռ չի որոշել՝ դիմելու է դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար, թե ոչ, սակայն նրա վիճակն այդքան էլ լավ չէ. նա մոտ մեկ տարի առաջ ծանր հիվանդություն է տարել՝ պանկրեատիտ, և, ըստ լավատեղյակների, ուղղակի հրաշքով փրկվել. «Արտաքնապես որ նայում ես, շփվում ես հետը, ինքն ասում է՝ ես լավ եմ: Բայց դա այն հիվանդությունն է, որից ամեն վայրկյան մարդու մոտ կարող է ինչ-որ երևույթներ առաջանալ: Ինքը ներկայացնում է, ասում է՝ շատ լավ եմ, բայց դա հարաբերական է, քանի որ իմ ձեռքի տակ կա փաստաթուղթ իր հիվանդության նկարագրի վերաբերյալ, որ կարդում ես դա, հասկանում ես, որ ամեն պահի այդ հիվանդության առկայության դեպքում մարդու վիճակը կարող է լինել կրիտիկական»:
Հարցին՝ համաներումը տարածվելո՞ւ է նաև Մայրապետյանի վրա, պաշտպանը նշեց՝ եթե անգամ տարածվի էլ, հնարավոր է հրաժարվի իր պաշտպանյալը. «Ես համաներման նախագիծն եմ կարդացել, պիտի փոփոխությունների ենթարկվի, դրանից հետո նոր մտածենք: Համաներումը հանցագործություն կատարած անձանց է վերաբերում, բայց մարդն իր մեղքն ընդհանրապես չի ընդունում: