Ի՞նչն է գրավում ֆիլիպինցիներին Հայաստանում. Al Jazeera


07:27 , 30 հոկտեմբեր, 2018

Ինչպես Al Jazeera-ում գրում է Մեգան Լակոբինի դե Ֆազիոն՝ 2014-ից ի վեր Ֆիլիպիններից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 674-ից հասել է 22,000-ի, նրանցից մի մասն էլ մշտական բնակություն են հաստատում Հայաստանում:

Facebook-ում Filipino Community in Erevan City խումբը շուրջ 1300 անդամ ունի: Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատան տվյալներով` վերջին մի քանի տարվա ընթացքում մոտ 300 ֆիլիպինցիներ մշտական բնակություն են հաստատել Երևանում:

Հեղինակը գրում է, որ Հայաստան այցելող ֆիլիպինցիների մեծ մասն արտագնա աշխատողներ են ԱՄԷ-ում, Քատարում, Բահրեյնում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում: Պարսից ծոցի երկրներում գործող օրենքները պարտավորեցնում են նրանց հաճախ երկրից դուրս գալ: Եվ եթե նախինում նրանք պարզապես հատում էին սահմանը և նույն օրը վերադառնում, հիմա արդեն շատերն օգտվում են այս հնարավորությունից:

Հեղինակը պատմում է նրանցից մեկի՝ 29-ամյա Էդուարդ Ռիգորի մասին, որը տուրիստական խմբի կազմում այցելել է Հայաստան: «Առաջ մենք Իրան կամ Օման էինք գնում, բայց հետո իմացանք, որ վիզայի փոփոխությունների արդյունքում կարելի է Հայաստան գնալ, ինչը հրաշալի հնարավորություն է ֆիլիպինցիների համար, որոնք երբեք ձյուն չեն տեսել», – ասել է Էդուարդը:

Հոդվածում պատմվում է նաև Երևանի փողոցներից մեկում գործող Little Manila հյուրատան մասին, որը հիմնականում ֆիլիպինցի հյուրերին է ընդունում: Հյուրատան տիրոջ` Ռենատո Մարիլագի կինը վերջերս լույս աշխարհ է բերել նրանց դստերը` Միային:

«Նա առաջին հայ-ֆիլիպինցի երեխան է: Ուզում եմ, որ նա այստեղ մեծանա և հայերեն խոսի: Գիտեմ, որ նրան այստեղ դուր կգա», – ասել է Մարիլագը:

«Ի տարբերություն Դուբայի` կյանքի որակն այստեղ շատ բարձր է: Մեզ համար շատ կարևոր է նաև քրիստոնյա լինելը. ահա թե ինչու ֆիլիպինցիները բաց չեն թողնում պատմական եկեղեցիներ այցելելու հնարավորությունը: Դա գրեթե առաջին բանն է, որ հետաքրքրում է նրանց»,- ասում է նա:

Հեղինակի խոսքով, սակայն, հիմնականում մարդկանց այստեղ է բերում ձյունը: Little Manila-ի այցելուների թիվը հատկապես ավելանում է ձմռանը, երբ այստեղ առատ ձյուն է գալիս: «Դեկտեմբերին մենք ավելի քան 300 ֆիլիպինցի հյուրեր ենք ունենում, որոնք ցանկանում են ձյուն տեսնել և ձյունառատ Սուրբ Ծնունդ նշել: Տարվա մեջ ամենաշատ պատվիրվող ուղևորությունները Արագած լեռան զբոսանքներն են, քանի որ այնտեղ հավերժ ձյուն կա», – ասում է նա: