Թե ինչո՞ւ նորացվող Հանրապետականը պետք է պայքարի հաջորդ խորհրդարանի ընդդիմությունը դառնալու համար


14:20 , 26 հոկտեմբեր, 2018

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը երկու օր առաջ ԱԺ ամբիոնից փորձում էր բացատրել, թե ներկա պահին ընտրական ո՞ր օրենսգիրքն է ավելի ձեռնտու Հանրապետականին: Իրականում ՀՀԿ-ի համար միևնույն է, թե ո՞ր ԸՕ-ն կլինի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հիմքու, քանի որ դրանից չեն կախված Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմագրավելու ռեսուրսները: Վտանգն այն է, որ այսօր քաղաքական դաշտում և նաև պետական կառավարման մեջ ստեղծված քաոսն ու սնուցվող էյֆորիան խլացրել են քաղաքական բանականությունը կամ, կարելի է ասել, քաղաքական միտքն ընդհանրապես:

«Կրիմինալ Հայաստան» հեռուստասերիալի վերածված հակակոռուպցիոն պայքարի իմիտացիան թույլ չի տալիս պատշաճ ուշադրություն դարձնել Հայաստանի համար կենսական խնդիրների վրա:

Արտաքին քաղաքականությունից ընդամենը երկու բան է հայտնի՝ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», և երեկ էլ իմացանք, որ «Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա, և մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»: Սա գուցե էյֆորիայով տառապող մարդկանց համար մի բան էլ շատ տեղեկատվություն է, բայց սպեցիֆիկ պրոբլեմներով, հակասությունների և հնարավոր նոր բախումների կիզակետում գտնվող երկրի արտաքին քաղաքականության ու անվտանգության համար ուղղակի ոչինչ չի նշանակում:

Բոլթոնից, այսինքն՝ պաշտոնական ԱՄՆ-ից, այսինքն՝ Ադրբեջանին ինչ-որ տարածքներ վերադարձնելու կոչ անող երկրից երեկ մի քանի ուշագրավ մեսիջներ ևս ստացանք: Դրանցից մեկի վրա ցանկանում եմ կանգ առնել: Պարոն Բոլթոնն ասում է, որ վարչապետը եթե ստանա հասարակության մեծամասնության աջակցությունը և ունենա ուժեղ մանդատ, ապա կարող է մի շարք վճռական փոփոխություններ իրականացնել: Միևնույն ժամանակ Բոլթոնը նշում է, որ «արցախյան հարցի լուծումը բարդ է, հակառակ դեպքում այն վաղուց կարգավորված կլիներ: Հայաստանի համար արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին ԼՂ հակամարտության լուծման ապահովումն է»։ 
ԱՄՆ-ը ևս պահանջում է հարցի արագ լուծում (տարածքների վերադարձման սխեմայով՝ ըստ դեսպան Միլսի), իսկ սա նշանակում է, որ հաջորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը տևական ժամանակ գտնվելու են արտաքին ճնշումների տակ, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից: Ժողովրդի կողմից ստացած ուժեղ մանդատը, ինչի մասին խոսում է Բոլթոնը, իհարկե, մի կողմից կարող է օգտակար լինել՝ ներքին բարեփոխումների համար (ենթադրում եմ, որ հաջորդ կառավարությունը գոնե 2019թ. փետրվարի 31-ից հետո կսկսի իրապես զբաղվել երկրի պրոբլեմներով), մյուս կողմից այն պատուհաս է դառնալու արտաքին քաղաքական բարդ իրավիճակներում մանևրելու հարցում:

Ամերիկացիներն էլ, ռուսներն էլ, ֆրանսիացիներն էլ շարունակաբար պնդելու են՝ «միսթր փրայմմինիսթըր, ուվաժայեմըյ Նիկոլ Վլադիմիրովիչ, շեղ Նիկոլյա, ձեր ժողովրդի մեծամասնությունն անվերապահորեն հավատում է ձեզ, և ժամանակն է, որ օգտագործեք ձեր հեղինակությունն ու խաղաղություն հաստատեք տարածաշրջանում` բացելով փակ սահմանները, բայց ի նկատի ունեցեք, որ դրա դիմաց Ադրբեջանն ինչ-որ հողեր է պահանջում: Դուք մի ահանգստացեք, վերադարձրեք այդ ինչ-որ տարածքները, և մենք խաղաղարարներով կապահովենք ձեր սահմանների անվտանգությունը, եթե դրա կարիքը լինի»: Ահա մոտավորապես այսպիսին կարող է լինել զրույցը ղարաբաղյան կարգավորման շուրջ:

Հայկական խորհրդարանը՝ իր նորօրյա հայ հեղափոխականների 70 տոկոսանոց հավաքանակով, իրավիճակի փրկության միակ հույս է տեսնելու իր խորհրդարանական հակակշիռների մեջ, այսինքն՝ ընդդիմության, բայց ոչ թե ձևական, սեփական բիզնեսից վախեցած կամ արևմտյան ու այլ գրպանային ընդդիմության, այլև իրական քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված, քաղաքական մեծ փորձ, կենսագրություն և հմտություններ ունեցող, գաղափարական ամուր հենքի վրա կանգնած ընդդիմության: 

Որքան էլ տարօրինակ է, ապագայում Նիկոլ Փաշինյանի համար արտաքին բարդ իրավիճակներից ու կառավարման արդյունավետության ապահովման գործում միակ իրական փրկօղակը լինելու է Հանրապետականը: Իհարկե, ՀՀԿ-ն դա չի անելու վարչապետի նկատմամբ ունեցած իր մեծ սիրո և հանդուրժողականության հաշվին, այլ սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության ու արցախյան հիմնահարցում ամուր դիրքերը պահելու կենսական շահերից ելնելով: Ապագա նորացվող Հանրապետականը միակ քաղաքական ընդդիմադիր հենարանն է լինելու, որի վրա առանց վարանելու դժվար պահերին կարողանալու է հենվել ապագա իշխանությունը հանուն պետության ու ժողովրդի:

Այնպես որ, մեր հարգելի վարչապետը, մտահոգվելով ՀՀԿ-ի ճակատագրով, խորհուրդ է տալիս, թե որ ընտրական օրենսգիրքը պետք է նախընտրել, իսկ ես, մտահոգվելով պետության ճակատագրով, առաջարկում եմ դադարեցնել քաղաքական տեռորը քաղաքական ուժերի նկատմամբ (սա չի վերաբերում հակակոռուպցիոն իրական պայքարին, մենք բոլորս պետք է ձգտենք նվազեցնել կոռուպցիան ու դրա դրսևորումները մեր երկրում) և հաշվի նստել այն ուժի հետ, որն ապագայում ընդդիմադիր դաշտի միակ իրական գործընկերն է լինելու, ում հետ միասին պետք է պայքարել հանուն անվտանգ, խաղաղ, արդար ու ապահով Հայաստանի (եթե, իհարկե, իշխանափոխության նպատակններն ազնիվ են):

ՀԳ. Իմիջիայլոց, ժամանակին ՀՀԿ–ի ցուցակների համար կենաց-մահու պայքար մղող, իսկ հիմա «Իմ քայլը» դաշինքում հայտնվելու թեկնածու հանդիսացող ՀՀԿ փախստականներն ու մյուս բարիկադավորները ևս ապագա խորհրդարանում կարող են ինչ-որ պահի օգտակար լինել վերոհիշյալ հարցերում: