Կարսի Գագիկ թագավորի զինանշանը


11:07 , 28 մայիս, 2013

 


963 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորի կրտսեր եղբայր Մուշեղ Բագրատունին իրեն հռչակեց Կարսի թագավոր՝ ընդունելով Անիի Բագրատունիների թագավորության գերագահությունը: Քաղաքական այս կազմավորումը գոյատևեց մինչև 1065 թվականը, երբ Գագիկ Կարսեցի Աբասյանը, վախենալով սելջուկ-թուրքերի հարձակումներից, Կարսի թագավորության տիրույթները հանձնեց Բյուզանդիային՝ փոխարենը ստանալով Ծամնդավ, Կեսարիա, Խավատանեք քաղաք-ամրոցները:

Կարսի թագավորությունն ընդգրկել է շուրջ 10 հազար կմ քառակուս տարածք. Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան մասը՝ Արաքս գետի վերին, Ախուրյան գետի վերին ու միջին հոսանքները:

Կարսի թագավորության մայրաքաղաքը համահայկական նախկին մայրաքաղաք Կարսն էր: Կարևոր կենտրոններ էին նաև Կաղզվան և Կողբ քաղաքները: Զարգացած էին երկրագործությունը, լեռնագործությունը, գինեգործությունը, անասնապահությունը: Արդյունահանվում էր պղինձ, արծաթ, երկաթ, արճիճ, աղ:
Կարսի թագավորներ Մուշեղի և նրա որդի Աբասի զինանշանները հայտնի չեն, իսկ Աբասյան զինանշանը պահպանվել է նրա իսկ հրամանով ընդօրինակված և այժմ Երուսաղեմում գտնվող «Ավետարանի» 135 «բ»  էջում պատկերված թագավորական ընտանիքի հագուստի վրա:
Գորգածածկ բազմոցին ծալապատիկ նստած են Գագիկ Աբասյան թագավորը, Գորանդուխտ թագուհին և Մարեմ արքայադուստրը:
Պատմական արժեք ներկայացնող այս նկարում թագավորը և նրա ընտանիքի անդամները ներկայացված են ոչ թե սովորական պալատական հանդերձանքով, այլ թագավորական պաշտոնական համազգեստով, որի վրա եղած պատկերները չէին կարող լինել ոչ այլ ինչ, քան զինանշաններ:

Գագիկ թագավորը կրում է կապույտ գույնի երկար պատմուճան՝ լայնաբերան թեզանիքով: Պարզ երևում է իրանի մասում պատկերված շրջանակը: Այստեղ, ինչպես նաև կրծքի վերին հատվածում գտնվող շրջանակի մեջ, ոսկեթելով պատկերված են գլխով դեպի աջ դարձած առյուծներ: Կենդանու պոչը պատկերված է տնկված վիճակում և մեջքի վրայով հասնում է մինչև մարմնի կեսը:
Հետաքրքիր լուծում է տրված գլխի հատվածին. կենդանու գլխին պատկերված եռաճյուղ թագ, որի կենտրոնական ճյուղն անբնական երկար ծայրով կեռվում և հասնում է մինչև պոչը: Այս մանրամասնը որոշ պատմաբանների ստիպել է այդ պատկերում տեսնել այծ-քոշի նկարը, որը հավաստի չէ: Առյուծի դնչից կախված է խաչ:
Գորանդուխտ թագուհու և Մարեմ արքայադստեր հագուստի վրա նույնպես կլոր շրջանակներ են պատկերված, իսկ նրանց մեջ գործված են դիմահայաց արծիվներ:
Գրեթե 200 տարի հետո նույնպիսի պատկերագրությամբ են ներկայացվել նաև Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Բ-ի և Կեռան թագուհու հագուստները, որը ևս հավաստումն է այն փաստի, որ Գագիկ Կարսեցի թագավորի հագուստի վրա զինանշան է գործածված: