««Հանրապետական» խմբակցության ներսում իրավիճակ է փոխվել: Եվ եթե նախկինում նրանք ամեն կերպ փորձում էին չխոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքին և կողմ էին քվեարկում վերջիններիս ներկայացրած նախագծերին, ապա այժմ ճիշտ հակառակն են անում:
Ընդ որում, ՀՀԿ խմբակցության անդամները հենց կառավարություն-ԱԺ համահունչ աշխատանքն էին օրինակ բերում որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ չանցկացնելու պատճառ: «ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք հայտարարել ենք, որ խոչընդոտ չենք լինելու ներկայիս կառավարությանը: Պետք է օժանդակենք այն ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանն ու անվտանգությանը: Չգիտեմ՝ ի՞նչն է դրդապատճառը, որ ցանկանում են գնալ արտահերթ ընտրությունների», - դեռ մայիսի 25-ին հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ապա տարբեր առիթներով վերահաստատել դա: