Իշխանության են գալու դեմագոգները, պոպուլիստները և նրանք, որոնց միշտ ձեռնտու է լինելու «դեգրադացված» հասարակությունը


10:31 , 24 հոկտեմբեր, 2018

Ցանկացած երկիր, որը տնտեսապես հետամնաց է, իսկ քաղաքականապես ծանծաղամիտ, դեմագոգիայի, պոպուլիզմի պարարտ դաշտ է, իսկ դա նշանակում է, որ նման երկրում ընտրություններ կոչվածի շնորհիվ միշտ իշխանության են գալու դեմագոգները, պոպուլիստները և նրանք, որոնց միշտ ձեռնտու է լինելու նման «դեգրադացված» հասարակությունը․․․ Հենց այս հանգամանքն էլ լավ իմանալով՝ հասարակության լայն խավերի միջոցով իշխանության եկած ուժերը, գիտակցելով, որ որոշ ժամանակ անց անխուսափելի է հիասթափությունը, ձեռնամուխ են լինում ավելի հավատարիմ հենարան ստեղծելու կամ ձեռք բերելու գործընթացին, մի հենարան, որը հավատարմորեն կարող է ապահովել իշխանության վերարտադրությունը, իսկ այդպիսի հենարանը երկրի օլիգարխներն են՝ բոլոր ժամանակների բոլոր իշխանությունների միակ և հուսալի հենարանը։

Եթե մեր հասարակության մի ստվար մասն իսկապես հավատում է, որ երկրում «հեղափոխություն» է եղել՝ չգիտակցելով, որ եթե երկրում իսկապես հեղափոխություն լիներ, ապա դա կլիներ ցեղասպանության նման մի բան, և ուրեմն՝ շատ լավ է, որ հեղափոխության արհավիրքը շրջանցել է մեր երկիրը, ուրեմն՝ եթե վաղը այդ նույն հասարակությանն ասեն, որ երկիրը քառակուսի է, այդ պատճառով պետք է տեղափոխվել ավելի անվտանգ վայր, նա դրան էլ կհավատա, որովհետև նրա կարծիքով այդպես է պահանջում հեղափոխությունը, իսկ իրականում՝ կույր ատելությունը, որը նրանք անվանում են հեղափոխություն․․․ Ընդ որում՝ զուտ հոգեբանորեն, ատելությունը որոշակիորեն ենթադրում է ինքնարհամարհանք և վախ, քանզի միայն ինքն իրեն արհամարհողը կարող է չտեսնելու տալ փաստերը և հավատ ընծայել անիրական խոստումներին։ Իսկ առավել ափսոսալին այն է, որ այդ ատելությունն «անբուժելի է», այն ձեռք է բերվել պատմականորեն և մեր երկրի համար այն սպառնում է դառնալ անխուսափելի ճակատագիր․․․