Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով՝ ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլին


10:47 , 23 հոկտեմբեր, 2018

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով՝ ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլին: Նիկոլը պարտք մնաց, ենթադրվում է, որ փոխհատուցում կլինի:

Եթե փոխվեր օրենսգիրքը, դա իշխանության կուսակցության` ՔՊԿ-ի համար ավելորդ գլխացավանք էր դառնալու: ԵԽ-ն մուննաթ էր գալու ընդունված կարգը խախտելու համար, ու մի օր դա օգտագործելու էր:

Հիմա Նիկոլը ֆորմալ առումով իր խոստումը կատարել է` օրենսգիրքը ուզել է փոխել, բայց դե հակահեղափոխական ՀՀԿ-ն խանգարել է:

Գործող օրենսգիրքը ձեռնտու է իշխանության կուսակցությանը` ՔՊԿ-ին, բայց ձետնտու չէ ընդդիմությանը, մասնավորապես ՀՀԿ-ին: Այդ օրենքը հենց իշխանության կուսակցության համար է գրվել՝ անկախ անվանումից:

Թե ինչու է ՀՀԿ-ն այդ ծառայությունը մատուցել, հարց է, բայց հայրենասիրություն խաղալը հաշիվ չէ: Մի ժամանակ մյուս կուսակցություններն էին ՀՀԿ-ին ծառայություններ մատուցում, հիմա ՀՀԿ-ն է ծառայություններ մատուցում: Դե կյանք է, կարևորը խաղի մեջ մնալն է:

Այս ամենում ամենավատն այն է, որ իշխանություն-ընդդիմություն հին խաղը նորից վերսկսվել է, որի իմաստը հանրությանն ապակողմնորոշելն է ու ուղեղներ լվանալով կառավարելի դարձնելը: Ամեն ինչ նորից կրկնվում է, նույն սցենարով, ուղղակի դերերի տեղերն են փոխվել: