ԱՄՆ-ում սպիտակագլուխ արծիվ սպանած անձին մինչև $28,000 տուգանք կամ 2 տարվա ազատազրկում է սպասվում


18:00 , 19 հոկտեմբեր, 2018

Արծվին հրացանով կրակելու համար ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող Դենիել Հեդիքսին սպառնում է մինչև 10,000 դոլարի տուգանք և 2 տարի ազատազրկում։ Օրեր առաջ Դենիելը, նկատելով, որ իր այգու շուրջ պարբերաբար մի սպիտակագլուխ ծովարծիվ է պտտվում, որոշել է նրան սպանել։ Նա անհանգստանում էր, որ արծիվը կարող է վնասել իր բակում ապրող կատուներին։

Հենց այդ ժամանակ էլ Դենիելն իր հրացանով կրակել էր երկնքում սավառնող սպիտակագլուխ ծովարծվին, որն ընկել էր հարևանի բակում։ Երբ հարևանը նկատել էր իր տան առջև ընկած արծվին, զանգել էր իրավապահ մարմիններին։ Սպիտակագլուխ ծովարծիվն օրենքով պաշտպանվող թռչնատեսակ է համարվում, որի որսը խիստ արգելվում է։ Դենիել Հեդիքսին մեղադրանք է առաջադրվել ինչպես սպիտակագլուխ ծովարծվին սպանելու, այնպես էլ բնակելի տանից 137 մետրից (150 յարդ) մոտ տարածության վրա հրացանով կրակ արձակելու համար։

Նշենք, որ, Փենսիլվանիայի տեղական օրենսդրության համաձայն, արգելվում է ցանկացած զենքով կրակել բնակելի տներից 137 մետրից քիչ հեռավորության վրա, իսկ Դենիելը կրակել էր իր հարևանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա։

Իրավապահները նշում են, որ, կախված գործի հետագա ընթացքից, Դենիելը կարող է ընդհանուր առմամբ ստիպված լինի վճարել 32,000 դոլար տուգանք կամ էլ 10,000 դոլար տուգանք՝ 2 տարի բանտում անցկացնելու հետ միասին։