Ռուսական կողմը փորձում է մեսիջ ուղարկել Հայաստանի ներկա իշխանությանը, որ հայ-թուրքական սահմանը շատ կարևոր է


02:11 , 19 հոկտեմբեր, 2018

Վերջին շրջանում հաճախակի է դարձել հայ-թուրքական սահմանի խախտման մասին հաղորդագրությունները: Ես չեմ նշում խախտումները, այլ օգտագործում եմ «հաղորդագրություններ» տերմինը: Հայ-թուրքական սահմանին մոտ ապրող Հայաստանի քաղաքացիները շատ լավ գիտեն, թե նախկինում որքան շատ են սահմանախախտներ եղել, սակայն որոնց մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տարածվել: Նույնիսկ խմբակային սահմանի խախտման դեպքեր էլ են արձանագրվել, սակայն դրանք էլ են մնացել առանց պաշտոնական հաղորդագրության:

Հայ-թուրքական սահմանը հսկող ռուսական սահմանապահ ուժերը որոշել են, որ այսուհետ պետք է հրապարակեն ցանկացած նմանատիպ դեպք: Այսպիսով, ըստ իս, ռուսական կողմը փորձում է Հայաստանի ներկա իշխանությանը, ինչու չէ, նաև այդ իշխանության նկատմամբ բավականին մեծ հավատ ունեցող ՀՀ քաղաքացիներին մեսիջ ուղարկել, որ հայ-թուրքական սահմանը շատ կարևոր է, որ այստեղ ևս սահմանի խախտման փորձի բազմաթիվ դեպքեր են լինում: Ռուսական կողմը փորձում է այս կերպ հանրության շրջանում հիմնավորել և, այսպես ասած, կարևորել ու արդարացնել իր ներկայությունը ՀՀ պետական սահմանին: Ես մնում եմ այն անձնական կարծիքին, որ նախկինում նույնպես եղել են սահմանախախտներ, որոնց մասին պաշտոնապես չի հրապարակվել: