Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին


15:10 , 18 հոկտեմբեր, 2018

Armeniasputnik.am-ը գրում է.

Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաներն այս պահին առողջ են ու ապահով։ Նրանք հատուկ հաստատություններից մեկում են։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի երեխաների, կանանց և ընտանիքի իրավունքների բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30-ին hաստատության պահակը` Մնացական Առաքելյանը, գիշերօթիկ դպրոցի բակում դեղին տոպրակ է տեսել։ Քամի չի եղել, բայց նա նկատել է, որ տոպրակը շարժվում է։ Պահակը բացել է ու տեսել, որ տոպրակում 2 նորածիններ են։ Բացի պահակից, երեխաներին անմիջապես տեսել են ինչպես հաստատության աշխատակիցները, այնպես էլ սաները:

Детский дом №2 им. Фритьофа Нансена, Гюмри
Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն

«Հաստատության համար աշխատանքային ժամ էր, և բոլոր դաստիարակներն այդ ժամին հաստատությունում էին, աշխատանքային պրոցեսի մեջ: Կենտրոնական մուտքը բաց էր: Պահակը երեխաներով տոպրակը բերեց ներս ու զանգեց ինձ»,-Sputnik Արմենիային պատմեց հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը:

Տնօրենն անմիջապես զանգել է ՀՀ ոստիկանության անչափահասների բաժին։ Տեղեկացվել են նաև Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը և համայնքի հոգաբարձության ու խնամակալության մարմինը: Համապատասխան գործողություններն իրականացնելուց հետո երեխաները տեղափոխվել են մեկ այլ հաստատություն:

Մեր այն հարցին, թե ինչ վիճակում էին երեխաները հայտնաբերվելու պահին, Կարապետյանն ասաց, որ մաքուր հագուստներով էին, նույնիսկ նոր փոխված տակդիրներով ու կուշտ:

«Երեխաները խնամված էին։ Մեզ մոտ գործընթացը մոտ 2 ժամ տևեց, իսկ նրանք շատ հանգիստ էին, ուտել չէին ուզում: Առաջին հայացքից երկվորյակ եղբայրներ են, նրանցից մեկը բավականին ակտիվ էր, մյուսը քնած էր: Շապիկներ, տոտիկներ կային նրանց հագին ու փաթաթված էին: Նույնիսկ նորածիններին բնորոշ կարմիր հետքեր չունեին մաշկի վրա: Հավանաբար մոտ 12-14 օրական էին»,- ասաց տնօրենը։

Նրա խոսքով` հագուստից կարելի էր ենթադրել, որ անտարբերության մատնված երեխաներ չեն եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ