«ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 19-ին մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ նաև ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը: Սակայն այս նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելը, ըստ էության, խիստ ձևական բնույթ է կրում, և փաստացի այս կառույցը չի կարողանալու ժամկետների մեջ տեղավորվելով ներկայացնել իր կարծիքը փաթեթի մասին:
Ընտրական օրենսգրքի բուն նախագիծը միայն վերջերս է ուղարկվել հանձնաժողովին, մինչ այդ պարզապես հայեցակարգն է ուղարկված եղել: Եվ փաստացի այս նախագիծն ուղարկված էլ չէ որևէ կարծիք ունենալու համար, այլ փորձ է արվում ապահովել գործընթացների հերթականությունը:
Ու այս իրավիճակում նկատելի է, որ միջազգային կազմակերպությունների հանդեպ ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորվում: Եվ փաստացի ՀՀ իշխանություններն այնքան են շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, որ անգամ Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել: