Լոնդոնում առգրավված դանակներից կառուցում են մարզահրապարակներ


15:10 , 15 հոկտեմբեր, 2018

Մեծ Բրիտանիայի իշխանություններից բացի` սառը զենքով կատարվող հանցագործությունների դեմ պայքարին միացել են նաև առանձին կազմակերպությունները։

Խնդրի լուծման հետաքրքիր ձև ընտրեց լոնդոնյան «Պողպատե մարտիկներ» կազմակերպությունը։ Վերջինս ոստիկանության կողմից առգրավված և ձուլման ուղարկված ու վերամշակված սառը զենքերից մարզահրապարակ կառուցեց։

«Պողպատյա մարտիկների» մարզահրապարակում ամեն մարզասարքի վրա եղած փոքր QR-կոդը մարզվողի համար բացում է այդ սարքին վերաբերող YouTube-յան վիդեոդասը, որում պրոֆեսիոնալ մարզիչները սովորեցնում են տվյալ մարզասարքի վրա վարժությունների կատարման ճիշտ ձևը։

Սակայն այս ծրագրի նպատակն է երիտասարդությանն առավելապես մղել սեփական մարմնի կոփմամբ զբաղվելուն և սառը զենքով կատարվող հանցագործությունների վերաբերյալ նոր քննարկումներ վարելուն, այլ ոչ թե զուտ կառուցել մարզահրապարակ դանակների հաշվին։

Ի դեպ, այն հատուկ կառուցվել է լոնդոնյան Սթրեթֆորդ, Բոու և Փոլար թաղամասերի սահմանում, որոնք հայտնի են դանակներով կատարվող հարձակումներով և սպանություններով։

Steel Warriors-ը ծրագրում է շարունակել պայքարն այդ հանցավոր երևույթի դեմ՝ կառուցելով նոր մարզահրապարակներ և ձեռք բերելով նոր կողմնակիցներ, ինչը նպատակ ունի խնդրի լուծմանը ներգրավվել նորանոր մարդկանց։

Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սառը զենքով հարձակումները, մեգապոլիսներից բացի, տարածվել են նաև երկրի այլ շրջաններում, իսկ այլ տվյալների համաձայն՝ 2016-2017թթ. սառը զենքով կատարված սպանությունները կազմում են երկրում տեղի ունեցած սպանությունների մոտ 30%-ը։