Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցման մասին օրինագիծն ԱԺ-ում է


14:20 , 15 հոկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

«2008 թվականի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի դատին։ Այն կքննարկվի ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում։ Օրինագծի հեղինակներն են «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Նախագծի նպատակն է՝ վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն»,- ասվում է օրինագծի հիմնավորման մեջ:

Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները սահմանելու է կառավարությունը։

Օրինագծին, հիշեցնենք, Հանրապետական պատգամավորները կողմ են արտահայտվել, սակայն իրենց հերթին՝ առաջարկ են ներկայացրել՝ ցանկում ընդգրկել նաև 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ տուժածներին, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներին, ինչպես նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին։

Սակայն օրինագծի հեղինակները գտնում են, որ պետք է տարբերակել այդ դեպքերը, քանի որ, թեև 2 դեպքում էլ պետությունն ունի պարտավորություն, բայց Մարտի 1-ի զոհերի վրա կրակել է պետության ներկայացուցիչը, իսկ մյուս դեպքերում մահաբեր ուժ կիրառել են պետության ներկայացուցիչների նկատմամբ։