Բժիշկների սխալի հետևանքով հերթական մահն է գրանցվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. մինչև ե՞րբ, պարոն նախարար


16:45 , 12 հոկտեմբեր, 2018

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երեկ 37-ամյա տղամարդ է մահացել բժիշկների անփութության պատճառով։ Սեպտեմբերի 22-ին տղամարդը ողնաշարի սուր ցավերով տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 25-ին ընկել է կոմայի մեջ, իսկ երեկ՝ մահացել։ 59-ամյա մոր խոսքերով՝ որդին մահացել է բժիշկների սխալի արդյունքում, և իրենց մեղքերը կոծկելու նպատակով որդու երակին արյունը մաքրող սարք են միացրել։

Սպասենք՝ տեսնենք, թե հիմա ի՞նչ պատասխան կտա առողջապահության նախարարը կամ կտա՞ արդյոք, թե՞ ոչ։ Արդեն մի քանի ամիս է՝ բժշկական կենտրոնն իր մարդիկ են ղեկավարում, բայց մահվան դեպքերն ու դժբախտ պատահարները գնալով ավելանում են։ Ի՞նչ է ստացվում, որ նախարարի ճառերն այն մասին, որ նախկին ղեկավարության օրոք բժշկական կենտրոնում իբր խայտառակ իրավիճակ էր, չի համապատասխանում իրականությանը։ Այդ այսօր է բժշկական կենտրոնում խայտառակ իրավիճակ, երբ բժիշկները գողանում են երիտասարդ աղջկա նշանի մատանի, երբ 37-ամյա տղամարդուն սխալ բուժելու արդյունքում նախ հասցնում են կոմայի, ապա՝ մահվան։ Այդ հիմա է խայտառակ իրավիճակ, երբ ով ցանկանա, օրվա որ ժամին ուզի կարող է դրսից թթվածնի բալոն բերել, հիվանդանոցի տարածքում հիվանդանոցի հաշվին ապօրինի լիցքավորել ու պայթեցնել այն՝ սպառնալով տասնյակ մարդկանց կյանքին։

Պարոն նախարար, վերջապես ընդունեք, որ չեք տիրապետում իրավիճակին, կտրված եք իրականությունից ու գնալով անդունդն եք գլորում առողջապահական ոլորտը։