ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ | Գյուղից գյուղ՝ գիշերով


18:04 , 26 մայիս, 2013

Գուրգեն Խանջյան

Լուսինն անթերի կլոր էր, շրջակայքը ճերմակով էր ներկել` ասես կավիճով` այնպես, որ բակ դուրս եկած Աղասին թվաց` ձմեռ է, ձյուն, «հու» արեց` գոլորշի չկա, նայեց վերնաշապկի կարճ թևքին` ժպտաց. ամառ է, այ դմբո… վայ էս Մրտոյի արաղը, վայ` ասաց ինքն իրեն ու մտավ փայտաշեն պետքարանը:

- Զգույշ,- կանչեց Մրտոն, որ տնից ելնելով լսեց ու տեսավ, թե ժանգոտ ծխնիներից կախ դուռը ոնց ճռռալով փակվեց Աղասի ետևից:
- Ինչի՞ որ,- հարցրեց Աղասը ներսից. ձայնը խուլ հասավ Մարտիկին` հերիք չէ փակդուռ պետքարանից էր, նաև` դիմացի պատին ասված:
- Էն մեջտեղի լեն տախտակը թուլացել ա, շարժվում ա:
Աղասը դուրս եկավ` կանգնեց ընկերոջ կողքը.
- Բա ասեիր` էդ էլ սարքեինք, Մարտիկ ջան: Լավ, մնա մյուս անգամ: Դե, ես գնամ, ուշ ա: Գոհ եմ ու շնորհակալ:
- Ես եմ շնորհակալ, ախպեր ջան,- դարձրեց Մարտիկը. Մարտիկի գոմն էին նորոգել` տանիքը, պատերը, գետինը… Հետո, դե, պարզ է` հյուրասիրություն` եփած աքլոր, տապակած կարտոֆիլ, սպանախ, լոլիկ-վարունգ, կանաչի-բողկ, պանիր-լավաշ, մածուն, չիչխանի հյութ, սալորի օղի:
- Տանտիկինը ո՞նց ա,- անսպասելի հարցրեց Աղասը:
- Մարգարի՞տը… Այ մարդ, հարուր անգամ մտավ-դուս եկավ, հարցնեիր, էլի,- զարմացավ Մարտիկը:- Լավ ա, Աղաս ջան, փառք աստծուն: Դե սպասի, ավտոն հանեմ:
- Չէ, խմած ենք, ոչ մի ավտո, ոտով կգնամ:
- Այ մարդ, էս ո՞ր դարն ա, ո՞վ ա հիմա գյուղից գյուղ ոտով գնում:
- Մարտիկ, եղած-չեղածը իրեք-չորս կիլոմետր չի՞, կգնամ, էլի, համ էլ կթարմանամ, արաղդ շատ էր թունդ:
- Հա, իմ արաղն էդպես ա: Լսի, մնա, առավոտ կգնաս:
- Չէ, տանը սպասում են: Հաջող:
Դեռ չէր շրջվել հեռանալու` Մարգարիտը դուրս եկավ տանից` օղու մեծ, կանաչ շիշը ձեռքին, մառան էր տանում, նայեց տղամարդկանց, ուղղեց բլուզը, ասաց.
- Մնա, Աղաս եղբայր, ուշ է, առավոտյան կգնաս, կզանգենք` տիկնոջդ կզգուշացնենք:
- Չէ, շնորհակալ եմ, գնամ, բարով մնաք,- վախեցած փութով հրաժարվեց Աղասը, շրջվեց, ուսով բախվեց ելքի դռան կողին, կողմնորոշվեց` դուրս եկավ: «Մնա, մնա… Ու՞ր մնամ, ո՞նց մնամ…»,- փնթփնթաց քթի տակ:
Ծղրիդները երգում էին, ճանապարհը` լուսավոր, Աղասը քայլում էր ու շվշվացնում` այն երգն էր, որ կուզեր լսել Մարտիկի տանը, բայց Մարտիկի ձայնարկիչը փչացել էր, էդպես շվշվացնելով իջավ Քանաքեռավանի դիքը, զիբլանոցի մոտով անցավ, ու արդեն երևացին Զովունու առաջին տների լույսերը. էսքանը չի՞, ասում էր` ավտոն հանեմ, մնա ստեղ, եսիմ ինչ: Գլուխը թեքորեն բարձրացրեց` նայեց լիալուսնին` էս ո՜նց ա էսպես լուսավորում, ի՜նչ ազիզ գիշեր ա… Բայց էս ի՞նչ զարմանք ա… Աչքերը տրորեց` մեկ էլ նայեց` հա, էլի, լուսինն ականջավոր ա… Այ քեզ բան… Նորից նայեց` լուսնի ականջները շարժվեցին, գնացին-եկան: Թու՛, չար սատանա` մրմրթաց` աչքերը մեկ էլ տրորեց… Վայ քո անտեր… Շուն էր քարի գլխին, լուսինն առել էր ցից ականջների մեջ: Քշշ, քու տիրու… Քար շպրտեց, բայց գցածը տեղ չհասավ, բարձր էր նստած շունը, այնուամենայնիվ Աղասի պոռթկումը հարգեց` թողեց-գնաց, քիչ հետո ոռնաց քարերի ետևից: Կարող ա՞ չախկալ էր… Չէ, դժվար… Այսինքն` ինչի դժվա՞ր, որ… Լավ դե, հերն էլ անիծած, շուն էր, չախկալ էր, գել էր, ինձ ի՞նչ: Նստեց արևի ջերմությունը դեռ պահած քարին,- ծխեմ մի հատ,- հանեց սիգարետը, մտցրեց բերանը, փնտրեց գրպաններում` լուցկի չկար: Էն ի՞նչ երկար, երերուն ստվերներ են հեռվում… Գերեզմանոց ա՞… Ինչ գերեզմանոց, այ մարդ, որտեղի՞ց, Քանաքեռավանինը բլրի հետևում ա, Զովունիինը` հեռու ու հեռու, չէ, ինչ-որ շինարարության երկաթ-մերկաթներ են բետոնի մեջից խաչերի պես ցցված: Լավ, բա կրակ հիմա ո՞վ կտա, իսկի մեքենա էլ չի երևում… Էհ, մնա` երբ որ լինի: Ծուլացավ վեր կենալ, քարի ջերմությունը զով գիշերվա մեջ հաճելի էր: Մասրենու թփի ետևից ստվեր սահեց, եկավ, լուռ նստեց կողքի քարին, ձեռքերն իջեցրեց գոգին, գլուխը թեքեց` գլխաշորի ետևից, շեղակի նայեց… Աղասը ճանաչեց, ու նոր էր մորը ճանաչել` հայրն էլ նույն ճամփով սահեց, եկավ` նստեց կնոջ կողքը, լուռ նայում են իրեն… Ի՛նքը պիտի նրանց խղճա, նրանք են խղճահարված նայում… Լարվեց Աղասը, տագնապեց, ձեռքն առաջ տարավ, որ շոշափի, ձեռքը խոչընդոտի չհանդիպեց` անարգել գնաց-եկավ, գնաց-եկավ… Ուրվականները վիրավորված ձգվեցին, երկարեցին, գոլորշի դարձած` տարրալուծվեցին օդում: Բռռռ… Պինդ փակեց աչքերը, թափ տվեց գլուխը, տրորեց ծոծորակը… Ըհը, հայացքը պարզվեց, տեսիլք-մեսիլք չկա: «Վերցրեք, բարեկամս, տեսնում եմ` ծխել եք ուզում, բայց կրակ չունեք»,- կողքից խոսեց մի փափուկ, երգեցիկ ձայն: «Չունեմ, ճիշտ ա»,- զարմացավ Աղասը, թեքվեց` նայեց… Միջին տարիքի սևահեր, թխամաշկ, նիհար տղամարդ էր, ջղուտ ու արծվաքիթ, հագին` մուգ կոստյում, որը մի քիչ մեծ էր, մի քիչ հնամաշ, սակայն` ոչ անվայելչության աստիճանի, նույնիսկ փողկապ էր կապել, որ կապույտ զոլով առանձնանում էր կրեմագույն վերնաշապկին, նա կարմիր հրահանը պարզել` ժպտում էր փայլփլող աչքերով, որ ներդաշնակում էին կիսաբաց բերանից պսպղացող ոսկե ատամին, շուրթերը մի քիչ էլ ետ քաշեց` մեկն էլ պսպղաց մյուս կողմում: Աղասը վառեց սիգարետը, խոր ներքաշեց ծուխը, փչեց, հրահանը վերադարձրեց տիրոջը. «Շնորհակալ եմ: Կծխե՞ս»: «Չէ, ես չեմ ծխում, կրակը ձեզ պահեք, պետք կգա: Նստե՞մ»: «Նստի, իմ քարերը չեն, բայց որ իմն էլ լինեին` էլի կասեի` նստի»: Անծանոթը նստեց ու միանգամից մեկուսացավ, քթի տակ մրմրթալով քարաքոսն էր պոկոտում քարից, հետո կոշիկի կրնկով հողը առաջ տվեց, նայեց, էլի առաջ տվեց, բացած տարածքում մյուս կոշիկի քթով ինչ-որ բան խզմզեց` դժգոհ քրթմնջաց: Աղասը նկատեց, որ կոշիկները նեղ էին ոտքերին, կոշտուկները պարզորոշ ուրվագծվում էին պրկված կաշվի տակից: Հարևանը գլուխը բարձրացրեց` հրեշտակային ժպտաց, մազերը խիտ ու գանգուր` ճաղատացող Աղասի նախանձն էին շարժում: Շարունակելով անվրդով ժպտալ` քիթը փորեց, մաշկածալքը բարձրացավ` տակից կկոցեց աչքը: «Բա էս կողմերում էս կեսգիշերին ի՞նչ ես անում»,- միաժամանակ հարցրին նրանք ու անակնկալի եկած` ծիծաղեցին. միայն թե այն մեկի, որ Աղասը չէր, անակնկալի գալը ոնց որ սարքովի լիներ, ծիծաղն էլ կեղծ էր, ու ինքը չասաց` բա էս կողմերում էս կեսգիշերին ի՞նչ ես անում, այլ ասաց` այս կողմերում այս կեսգիշերով ի՞նչ եք անում: Կարո՞ղ ա ոչինչ էլ չասեց, ես եմ էրկու ձենով խոսել` այս միտքն Աղասին ստիպեց Մրտոյի օղին հիշել` շատ թունդ էր անտերը: Ծխեց, ծուխը փչեց հարևանի կողմը` տեսնենք կփռշտա՞, կփնչացնի՞, կդժգոհի՞… Ոչ, ծխի միջով պարզ ու անմեղսունակ ժպտում է: «Տուն եմ գնում, ընկերոջս մոտ էի, էս վերևի գյուղը, օգնեցի` գոմը սարքեցինք, քանդվել էր սելավներից»,- հաշվետվություն տալու պես ասաց Աղասը: «Տուն ունես, երջանիկ մարդ, կգնաս, թեյ կտան կամ մածուն` մեջը շաքարավազ լցրած, շխշխան անկողինը կբացեն, կինդ տաք-տաք կմտնի ծոցդ, կասի` վաղը, կովը, երեխան, հավերը, կասի` հորթը, շունը, խոզերը, կասի` խոտը, թարման, ծառերը, կասի` պատը, ջրի խողովակը, տանիքը…»: «Հա, կասի»,- հաստատեց Աղասը: Ճերմակ մեծ փաթիլներով ձյուն իջավ` անձայն-փափուկ նստեց քարերին, խոտին, ասֆալտին, անծանոթի գանգուրներին: «Նոր ամառ էր ոնց որ…»,- առանձնապես չզարմացավ Աղասը, որովհետև չհավատաց, մտածեց` օղին է, որ փաթիլ դարձած իջնում է երկնքից: «Ցուրտ է: Մրսեցի՞ք»: «Չէ, ամառով ո՞վ ա մրսում, որ ես մրսեմ»: «Իսկապես, ինչ հիմար հարց տվեցի: Շոգ է, չէ՞»: «Դե, շոգ էլ չի, բայց ցուրտ էլ չի… Լավ ա»: «Շատ»: «Չգնա՞նք, դու մնու՞մ ես»,- վեր կացավ Աղասը: «Չէ, ո՞ւր մնամ»,- անծանոթն էլ վեր կացավ, հետո` մեկ անգամ էլ, հետո` էլի… Այ քեզ մասխարա` աչքերը տրորելով մտածեց Աղասը: «Հետս գալիս ես Զովունի՞»,- հարցրեց: «Այո: Գնանք իրար հետ, եթե դեմ չեք, եթե դեմ եք` ես հետևից կգամ»: «Չէ, ավելի լավ ա առաջից գնա: Այսինքն, ինչ եմ ասում, իրար հետ գնանք»: Նրանք քայլեցին` նախ խոտի, ապա ասֆալտի վրայով: Անձրև կաթաց, անծանոթը վերնաշապկի օձիքը բարձրացրեց` առաջ անցավ, լուսնի լույսով ստվերը ետ գցած` պարելու պես էր քայլում, կոտր-կոտր, ստվերն էլ ետևից երկարում-բարակում` սուր ավարտն իր կոտրատվելու հետ գնում-գալիս էր գետնին, շրջվեց` աչքերը լուսարձակների պես ծակեցին մութը, հասան Աղասին, «Դու ցանկանում ես…»,- ասաց: «Ի՞նչը…»,- հարցրեց Աղասը զգաստացած: «Որ մոտենամ»: «Հա, էլի, հետ ու առաջ ես ընկնում, շշկռացնում, արի կողքովս քայլի»: «Հավկուրություն ունես, մթան մեջ դժվարանում ես հետևել օբյեկտների շարժին»: «Հա, դժվարանում եմ»: «Եկա»: Աղասին թվում էր` ինչքան գնում են` գյուղն այնքան հեռանում է, բայց դա իրեն չէր անհանգստացնում, կարծես չէր էլ շտապում. հա, ո՞ւր եմ շտապում որ, տաք գիշեր ա, մաքուր օդ, ճռռիկները երգում են, լուսնյակը պայծառ լուսավորում ա… Հարևանությամբ քայլող անծանոթը քսվեց իրեն, քսվելիս էլ կատվի պես մռռաց. «Ասե՞մ, ինչ ես ուզում, Աղաս»: «Ոչինչ էլ չեմ ուզում, հա, իմ արև, էնքան հանգիստ եմ, էսպես հանգիստ հեչ չեմ եղել»,- հակադարձեց Աղասը` արագ-արագ, ասես եթե արագ չասեր` փոշմանելու էր: «Այդքան անխռով, անվրդով է հոգիդ, այո՞, զարմանալի մարդ ես»: «Ինչի՞…»: «Լավ, ծխել էլ չես ուզո՞ւմ»: «Հա, ծխել ուզում եմ»,- ուրախացավ Աղասը` պարզվեց` ուզածն ընդամենը ծխելն է, ինչ լավ է, սիգարետը դրեց բերանը, հարևանը հանեց հրահանը, վառեց` ձեռնափով զեփյուռից պատսպարած, ծուխը երկուսի արանքով բարձրացավ երկինք: «Խորհրդանշական տեսարան էր, Աղաս, երկու հոգի գիշերով` միմյանց հակված, նրանց ձեռքին` կրակ ու ծուխ… Ընտանիքի, ես կասեի` օջախի ջերմություն կար, ինքը` մեծն Էլ Գրեկոն լիներ` բաց չէր թողնի այս տեսարանը, կվրձներ, որպես պատահաբար հանդիպած երկու հոգիների սուրբ միություն, որպես քրիստոնեական սիրո և բարեսրտության խորհուրդ: Ափսոս, ոչ ոք չտեսավ: Թեև ի՞նչ իմանաս, հը՞, Աղաս…»,- անծանոթը քրքջաց, հռհռաց, ծռմռվեց, ձեռքը տարավ` շապիկի տակից պոզավոր թրթուր հանեց` գցեց բերանը, «Ոնց էր խուտուտ տալիս պոզավոր ավազակը»,- ասաց: «Համո՞վ էր»,- հարցրեց Աղասը: «Շատ: Բժիշկն է խորհուրդ տվել` ինչքան պոզավոր թրթուր տեսնես` կուլ տուր, ստամոքսի խոցին օգուտ է»: «Այսինքն` որ խոցը լավ բացվի՞»,- կատակեց Աղասը: «Լավն էր, լավն էր, գրողը տանի, հարգում եմ նուրբ հումորը, անհումոր մարդը մարդ չի: Իսկ ինչ վերաբերում է թրթուրին` դու էլ կարող ես կուլ տալ այսուհետ, համառաբար խորհուրդ եմ տալիս, խոց չունես, բայց գաստրիտ կա, խոցի նախադուռն է»: «Էգուցվանից բանուգործս կթողնեմ, կընկնեմ` պոզավոր թրթուր ման կգամ»,- դարձյալ կատակեց Աղասը, ըստ երևույթին` անհաջող, որովհետև դիմացինի արձագանքող ժպիտը ծուռ էր, հիասթափված: «Հա, ունեմ էդ գաստրիտ ասածդ, որ շատ եմ ուտում, հատկապես` թթու-կծու, ստամոքսս վառում ա»,- ավելացրեց Աղասը: «Առ»,- հարևանը ծոցից թրթուր հանեց` տվեց նրան: «Բազմացնո՞ւմ ես ծոցիդ»,- ասաց Աղասը. խոսքը հազիվ ավարտած` թրթուրը հայտնվեց բերանում` փափուկ սահեց կերակրափողով, ասես ստամոքս մտնելն իր սիրած զբաղմունքն էր: «Չնստե՞նք, կանգնած ծխելը երևի այնքան հաճելի չէ»,- նկատեց անծանոթը: «Նստենք, բա ոնց»,- համաձայնեց Աղասն ու անմիջապես նստեց բետոնե պարսպին, անծանոթը տեղ գրավեց կողքին` կիպ, այնպես, որ նրանց ազդրերը հպվեցին: «Հեռու նստի, ես էդ բաները չեմ սիրում»,- հրեց Աղասը: «Լավ դե, գիշերվա կեսն է, մարդ չկա, ազատ թող քեզ, ի՞նչ ես մտել զրահի տակ` թաքնվել»,- հրված անծանոթը նորից մոտեցավ: «Ասեցի` հեռու նստի»,- Աղասի ձայնն ավելի խիստ հնչեց: «Հասկացա, հեռու` ուրեմն հեռու»,- անծանոթն առավել մոտեցավ: «Կտամ` կսպանեմ, արա»,- սպառնաց Աղասը կողմ քաշվելով: «Կտամ` կսպանեմ: Ֆու, կոշտ, կոպիտ, գռեհիկ գեղջուկ: Ասա` թե ինչի ես սպանում, մարդը, ասենք, մրսել է, մոտիկ է նստում, որ տաքանա… Իսկ սա` կտամ-կսպանեմ, արա-ն էլ վրայից… Չէ, սուտ է, քրիստոնյա չենք դառնում, չէ»: Աղասը լուռ ծխում էր: «Թեպետ,- շարունակեց անծանոթը,- գուցեև սխալվում եմ: Չէ՞ որ դու կարողացել ես սպանել ցանկություններդ, քիչ առաջ հարցրի, ասացիր` չունեմ ցանկություններ: Իսկ դա մեծ առաջընթաց է»: «Չէ, էնպես չի, որ իսկի չունեմ,- արձագանքեց Աղասը,- բայց` մանր-մունր, ասենք` տրակտոր չունեմ, որ հողս մշակեմ, ավտո չունեմ` մթերքը քաղաք տանեմ, կողքիս հողն եմ ուզում առնեմ, քանի էժան ա… Էդպես, էլի»: Անծանոթը ծիծաղեց. «Տրակտորն, ըստ քեզ, մանր-մո՞ւնր է»: «Դե, գիտե՞ս ինչ կա… Մարդիկ հրեն աշխարհը քանդում են, ուտում են, ուտում են, չեն կշտանում, իմ մի տրակտորը աչքիդ շատ երևա՞ց»: «Ճիշտ որ, խեղճ Աղաս»: «Ի, անունս ի՞նչ իմացար»: «Ինքդ ասիր քիչ առաջ, մոռացա՞ր, երևի շատ ես խմել Մարտիկի տանը»: «Էդ էլ եմ ես ասե՞լ»: «Բա չէ, օդից բռնեցի»: «Դե հա, ես եմ ասել, էլ ո՞վ»: «Լավ, տրակտորը թողնենք, երկաթ-մերկաթները թողնենք, դու այն ասա` հոգու ցանկություններ չունե՞ս, հոգևոր, ինչո՞ւ չէ` նաև մարմնային, քանզի հոգին մարմնից անդին չէ, միջում է, և երբ նրանք ներդաշնակված են, հոգին թույլ է տալիս, որ մարմինը խրախճանի երբեմն, և հակառակը` մարմինը չի խոչընդոտում, որպեսզի հոգին անրջի, մղվի, տառապի, բարձրանա, վեհանա, հասնի կատարսիսի: Սակայն կրկնում եմ` սա այն դեպքում, երբ նրանք ներդաշնակ են, հաշտ, հակառակ դեպքում` հիվանդություն է ու ցավ, նևրոզ ու փսիխոզ: Քեզ մոտ ո՞նց է, ներդաշնա՞կ են արդյոք, հա՞շտ են»: «Ի՞նչ իմանամ, հաշտ կլնեն, էլի»: «Մարմինդ չե՞ս մոռանում ի շահ հոգու»,- համառեց անծանոթն ու քրքջաց ծռմռվելով: «Հը՞, էլի թրթուր մտա՞վ ծոցդ»: «Այո… Ահա, կուզե՞ս»,- ծոցից հանած թրթուրը, որ իր պես ծռմռվում էր, նա խոթեց Աղասի բերանը. թրթուրը պլստաց, գնաց, տեղ հասավ` խուտուտ տվեց Աղասի ներսը: «Լսի… Խաժակ ախպեր,- ասաց Աղասը հիշելով, որ հարցրել, իմացել է գիշերային ուղեկցի անունը,- ախր դու որտեղի՞ց հայտնվեցիր էս կեսգիշերին»: «Խորամանկ մարդ ես երևում, Աղաս, խոսքը կտուրն ես գցում, ես հոգու և մարմնի ներդաշնակության խնդիրն եմ դրել առջևդ, իսկ դու` կեսգիշեր-բան…»: «Դե ներդաշնակ են ասինք, էլի: Իմ կնիկն ինձ ծով ա»: «Կնի՞կ… Կնոջ մասին խոսք չկար… Սակայն քանզի հիշատակեցիր` հարցնեմ` ինչ է, այդքան լա՞վն է կինդ»: «Շատ»: «Բայց Մրտոյի Մարգարիտն ավելի լավն է, չէ՞… հրաշալի է պահպանվել, համ էլ ահագին ջահել է քո կնոջից… Կրծքերը ձիգ, հետևը բարձր…»: «Չկպնես, կսպանեմ»,- սպառնաց Աղասը: «Ինչ ասեցի` ասիր` կսպանեմ… Ղաչաղ ես, ինչ ես… Մի հատ ուղիղ նայիր ճշմարտության աչքերին, Մարգարիտը չլիներ` գոմն ինչի՞ էիր նորոգում, շատ պե՞տքդ էր»: «Ի… Մարտիկի հետ որ ընկեր էինք` Մարգարիտն ու՞ր էր…»: «Պահ, հին ընկեր եք, էլի»: «Հա, հին ենք: Բայց դու Մարտիկին ու Մարգարիտին ի՞նչ ես ճանաչում»: «Այ քեզ բան… Ո՞նց է դու կճանաչես, ես չեմ ճանաչի: Սիրուն կին է` ասացի սիրուն է, այնպես բորբոքվեցիր, կարծես քոնը լինի»: «Իմն ավելի լավն ա»: «Չէ հա. այդ ո՞նց, է՛… Երկու երեխա է բերել, կով է կթում, հավերին կուտ տալիս, տան գործերն անում… Իսկի չի կոպտացե՞լ, ստինքներն ու ազդրերն իսկի չեն կակղե՞լ, ճենճի, քրտինքի, սոխի-սխտորի, էլ չեմ ասում` աթարի հոտ չի գալիս վրայի՞ց, գիշերով հոգնած չի ընկնո՞ւմ-քնում անմիջապես»: «Դե, մեծ տնտեսություն ա, տանջվում ա խեղճը»,- կնոջն արդարացրեց Աղասը: «Ես նրան հո չե՞մ մեղադրում, Աղաս, քավ լիցի: Եթե մեղավոր կա այս խնդրում` ավելի շատ դու ես, դու ես բերել նրան` կապել քո այդ տնտեսություն կոչվածին, հիմա ծռվել, ծռմռվել է խեղճը… Թեև առաջ էլ մի երևելի…»: «Կարգին խոսի կնգաս մասին, արա»,- վիրավորված ընդհատեց Աղասը, ուզեց ավելացնի` կտամ-կսպանեմ, բայց ամաչեց: «Իսկ քաղաքի փողոցներում այնպիսի աղջիկներ կան հիմա, մարալ, ջեյրան, թարմություն ու սեր են արտածում նրանց ճկուն մարմինները, նրանց շուրթերի մեջ կյանքի հյութն է ուռչում-բողբոջում»: «Դե, ինչ ասեմ… ամեն բան` իրա ժամանակին»: «Իրա ժամանակին,- ծաղրեց Խաժակը:- Իբր ժամանակին վայելել ես: Տեսածդ այս մի կինը չի՞»: «Է, միամիտ մարդ…»,- արձագանքեց Աղասը: Խաժակը քրքջաց` շարունակիր, շարունակիր: «Հա, միամիտ ես, էլի: Այ, պապս, էնի կյանք տեսած մարդ էր, ասում էր` դրանք բոլորը մեկ են, Աղաս ջան, իզուր ման չգաս»: «Պապս, չէ-չէ մի` ապուպապս: Պապական ճշմարտությունները չեն փրկում, Աղաս, սուտ սփոփություն է»: «Լավ, հիմա ինչ ես ուզում ինձնից, այ ախպեր, մարմին, հոգի, ներդաշնակություն, հին, նոր… Էս գիշերվա կեսին արունս ինչի՞ ես պղտորում, թող ծխեմ` հանգիստ հասնեմ տուն, էլի»,- բորբոքվեց Աղասը: «Կարոտեց, կարոտեց նա իր տունը, իր կնոջը, կովին, ոչխարին, խոզին…»: «Հա, հենց էլ կարոտեցի»: «Լավ էլ արիր, քո ցավն էլ տանեմ: Աղաս, սիրելիս, այնքան շնորհակալ եմ երկինքներին, որ այս մեր գիշերային հանդիպումը կազմակերպեցին, ժամ առաջ դեռևս կասկածում էի մարդ արարածին, բայց հիմա, շնորհիվ քեզ, համոզված եմ` հասնելու ենք, մարդը հասնելու է կատարելության, մարդը հաղթահարելու է մութ ուժերին, բնազդին ու անգիտակցականին, շնորհակալ եմ քեզ, եղբայր»,- անծանոթը երկար, հուզված թափահարում էր Աղասի ձեռքը: «Գնանք, ուշ ա, հա՞»,- Աղասը ուժով խլեց ձեռքը: «Գնանք, այո, գնանք, եղբայրս: Թեև ու՞ր եմ շտապում, տեղ էլ չունեմ գնալու այս գիշեր: Աղաս, քո մեծ տանը մի պստիկ տեղ չկա՞ ինձ համար, քնանամ այս գիշեր… Չեմ հասկանում, հայ քրիստոնյայի տուն չի՞»: «Հա, տուն ա, բայց… չնեղանաս, ես անծանոթ մարդու տուն չեմ տանում»: «Ի՞նչ անծանոթ, եղբայր, ես եմ, Խաժակը, խաժ աչքերիս նայիր»: Աղասը դարձրեց աչքերը, չէր ուզում, Խաժակի աչքերը ձգեցին-տարան… Մի աչքը խաժ էր, մյուսը… կանաչ, կապույտ, սև, շագանակագույն, մոխրագույն, ճերմակ… Երևի լուսնյակը խաղաց աչքի մեջ` մտածեց Աղասը: «Չէ,- ասաց` պոկելով հայացքը,- չեմ կարող, կներես: Տաք գիշեր ա, մի տեղ տեղավորվի, քնի»: «Շնորհակալ եմ, շատ եմ շնորհակալ: Ես էլ ասի` կարգին մարդու հետ գործ ունեմ, նորից սխալվեցի, նորից, ի՜նչ դառն է ճակատագիրս, Աստված իմ… Մնաս բարով, Աղաս»: «Գնաս բարով, Խաժակ»: «Զգույշ, չսայթաքես ճամփին, Աղաս»: «Գնա, այ մարդ, է՛»:
Խաժակն արագ հեռանում էր, խռոված երեխայի պես ուսերը վեր էր քաշել, քթի տակ փնթփնթում էր, ձեռքերով թատերային ինչ-որ շարժումներ անում… Տարրալուծվեց-կորավ խավարի մեջ: Աղասը, մտասույզ, սիգարետ խրեց բերանը, ուժով, որովհետև շրթունքները մոռացել էր ետ տալ-բացել, հրահանը գրպանից հանեց, վառեց, նայեց` շպրտեց այն կողմ` ուր սուզվեց գիշերային անծանոթը, փայլփլուն իրը կորագծով ցոլաց, չքացավ: Ծխում էր Աղասը, հոգին աստիճանաբար խաղաղվում էր` լուսատտիկների դեղնակարմրավուն թարթումները, ծղրիդների պարբերեկան ճռռոցները, երկինքը` աստղազարդ, լուսինը` կլոր ու ճերմակ, օդը` տաք… Սիգարետի կրակն էլ խավարի մեջ ոնց որ շարժումների բնատուր կշռույթը կորցրած մեծ լուսատտիկ լիներ: Մի սև մեքենա անցավ, անձայն, անլույս, ստվերի պես սլացավ վեր` դեպի Մարտիկենց գյուղը: Էս ինչ են էս ժամանակակից ավտոները, ո՛չ ճռռոց, ո՛չ դռռոց, սուսուփուս սլանում են, ասա գոնե լուսերդ վառի` տեսնենք, տնաշեն` մտածեց Աղասը: Էհ, գնամ` սիգարետը գցեց, խփեց ծնկներին, վեր կացավ: Սակայն վար շրջվելու փոխարեն, վեր նայեց, ինչ-որ բան գրավել էր ուշադրությունը… Ճերմակ լույս էր, դանդաղ գալիս էր ճամփով, չէ, լույս չէր, ճերմակ բիծ էր, չէ, մարդ էր ճերմակ հագուստով, աղջիկ, օծանելիքի բույրն իրենից շուտ հասավ` խուտուտ տվեց Աղասի ռունգերը, ապա հևոցը տաք թարմությամբ դիպավ դեմքին: Աննման էր, լուսնյակը վերում երևի նախանձեց նրան` մտավ ամպի ետև` դուրս չէր գալիս: «Տականք, տականք»,- պոռթկաց աղջիկը, հեկեկաց ու ընկավ Աղասի գիրկը: «Ի՞նչ ա պատահել, աղջիկ ջան»,- հուզվեց Աղասը գրկում պահելով նրան: «Կարծում էի կարգին տղա է, բայց տականք է, տականք… Ասացի` մեքենան կանգնեցրու, ես քեզ հետ էլ իսկի մի մետր էլ չեմ գնա»: «Ինքն էլ կանգնե՞ց»: «Հա, կարծում էր ձև եմ անում, ես էլ վերցրի ու դուրս եկա, ինքն էլ թողեց ու գնաց: Քաղաքը հեռու՞ է»: «Երևա՞նը»: «Չէ, Նյույորքը»,- կծու կատակեց աղջիկը. աչքերն արցունքի ետևից չարաճճի շողշողացին: «Մոտիկ չի,- շփոթված տեղեկացրեց Աղասը:- Դեռ մի գյուղ էլ պիտի անցնես ու էլի ահագին գնաս: Բայց կարող ա մի ավտո պատահի…»: «Ես այս ժամին անծանոթ մեքենա նստող չեմ, ավելի լավ է ոտքով գնամ: Անունս Մարիամիկ է»: «Լավ անուն ունես, Մարիամիկ ջան: Իմ անունը Աղաս ա: Գնա՞նք կամաց-կամաց»: «Գնանք, Աղաս ջան»: Աղջիկը ճկուն սեթևեթանքով քայլեց Աղասի կողքով, բարձր կրունկները դժվարացնում էին քայլքը, կոշիկները հանեց` պահեց ձեռքին, մերկ ոտնաթաթերը ճերմակ կատվիկների պես մռմռալով` փափուկ կաթկթեցին ասֆալտին, քիչ առաջ օտար` մի տեսակ մոտեցավ, մտերիմի պես դարձավ, իսկ երբ ոտքը դրեց մանրախճին, ասաց` վախ, ու կախվեց Աղասի բազկից, Աղասն իրեն հպարտ ու երջանիկ զգաց, արի գրկեմ-տանեմ, էլի` մտածեց: «Ցավաց… ահա, արյուն եկավ… Կկարողանա՞ս, Աղաս, չես հոգնի՞»: Աղասը գրկեց աղջկան, բարձրացրեց` տարավ: «Չէ, այդպես կհոգնես»: «Չեմ հոգնի»,- հավատացրեց Աղասը: «Չէ, սպասիր…- աղջիկն իջավ, պտտվեց` ետևից գրկեց Աղասի պարանոցը, ոտքերով էլ` մեջքը.- Այ, այսպես լավ է: Լավ է, չէ՞»: «Լավ ա»,- արձագանքեց Աղասը: Մարիամիկի կոշիկներն Աղասի քթի տակ էին, մերկացած ոտնաթաթերը` առջևում` ոնց որ ուղենիշ, Աղասը երկու կողմից գրկել էր աղջկա ազդրերն ու տանում էր այնպես` ասես աղջիկը քաշ չուներ, լուսինն ամպի ետևից դուրս եկավ` լուսավորեց նրանց, միացյալ ստվերն առջևում երկարեց, տարօրինակ գծագրումներ ընդունեց, Աղասին դուր չեկավ մեծ խեցգետնի ծամածռություն հիշեցնող այդ ստվերը, ուզեց հասնի` անցնի, բայց ո՞նց: «Ինչ պինդ տղամարդ ես, Աղաս»,- շշնջաց աղջիկն ու առավել սեղմվեց Աղասի մեջքին. Աղասի մեջքն այրվում էր վայելքից: «Բա այս ուշ գիշերով ու՞ր էիր գնում, Աղաս»,- աղջկա հարցը տաք հոսքով դիպավ ծոծրակին: «Ընկերոջս տանը գործ կար մի քիչ, էս վերևի գյուղում, արեցինք, հիմա էլ տուն եմ գնում»,- պատասխանեց Աղասը. աղջկա ոտնաթաթի հետ էր խոսում, նա էլ արձագանքում էր չարաճճի: «Շուտով կհասնես, ինձ շալակիցդ կիջացնես, կասես` դե գնա, Մարիամիկ, ու ես էլ վիրավոր ոտքով դեռ ինչքա՜ն պիտի գնամ, որ հասնեմ… Հեռախոսս էլ տականքի մեքենայում թողեցի, թե չէ կարելի էր տաքսի կանչել: Հեռախոսդ չես տա՞, զանգեմ»,- ոտնաթաթը հարցական ձգվեց, մյուսը մտել էր այս մեկի տակը` ագուցվել: «Չեմ վերցրել, գործի մեջ խանգարում ա անտերը, զընգ հա զընգ: Աղջիկ ջան…»: «Մարիամիկ, ջան»,- սեթևեթելով ճշտեց ոտնաթաթը, բութ մատիկը տնկվեց կամակոր: «Մարիամիկ ջան,- հաճույքով կրկնեց Աղասը, ձեռքն ակամա տարավ` դիպցրեց աղջկա ոտքի մատներին,- հո վայրենի չե՞նք, հայ քրիստոնյա ենք, չէ՞»: «Այո, իհարկե, անշուշտ»,- շտապեց հավատացնել Մարիամիկը այն ոտնաթաթով, որը տակից էր, և կարծես արդեն բացահայտված` նա դուրս եկավ` փոխեց տեղը մյուսի հետ: «Կգաս, կգիշերես մեր տանը, վաղը լուսով կգնաս քո քաղաքը: Հրեն, մեր տունն արդեն երևաց»: Աղջիկն իջավ Աղասի շալակից, մոտեցավ` նայեց աչքերի մեջ, «Բա չես վախենու՞մ, Աղաս»,- հարցրեց` տաք շունչը խփելով Աղասի դեմքին: «Չէ»,- կիսաձայն-անվստահ պատասխանեց Աղասը. հանկարծ կռահեց` աղջիկը նման է Մարգարիտին, շատ է նման, էն ջահել ժամանակվա ամուսնական լուսանկարին, որ Մարտիկենց տան պատին է, որին Աղասը նայում է` աշխատելով Մրտոյին հեռացնել-կորցնել, թողնել միայն Մարգարիտին` ուսերին հասնող փարթամ մազերով, թեթևակի շեղ աչքերի գաղտնի խաղով… Աղասին թվում էր` աչքերի այդ խաղն իրեն է հասցեագրված, միայն իրեն, ուրիշներին Մարգարիտն այդպես չի նայում: «Կոշիկներդ հագի, ոտքերդ կկեղտոտվեն»: «Ոչինչ, կլվամ, ջուր չես տա՞»: «Կտամ»: Կյանքս էլ հետը կտամ` ուզեց ասել Աղասը, որ մտովի արդեն լվանում էր աղջկա ոտքերը, զգում մատների չարաճճի խլրտոցն ափերի մեջ: Շունը մոտեցավ, քամակը տարուբերելով ողջունեց տիրոջը, հոտ քաշեց աղջկանից, փռշտաց, մեկ էլ հոտոտեց` մազերը ցցեց, վախեցած վնգստաց ու տարօրինակ ընկրկումներով մտավ բույնը, այնտեղից, մթան միջից, երևում էին կլորացած, տագնապած աչքերը: Էսպես անուշ հոտ երբեք չի առել շանս քիթը` մտածեց Աղասը: Շունը երկար ու ձիգ ոռնաց: Շան ոռնոցի վրա թթենու սաղարթից թևաբախման թպրտոց լսվեց, կարմրակտուց սև թռչունը սահեց-իջավ-խփվեց Աղասին` թռավ-կորավ: «Շշկռված անտեր,- արձագանքեց Աղասը:- Թթի ղու՞շ էր, սարյա՞կ էր, ինչ էր…»: Մարիամիկը մոտեցավ, թաշկինակով մաքրեց ճանկռվածքի արյունը Աղասի քունքից, կռացավ` գետնից բարձրացրեց` մազերի մեջ խրեց սև փետուրը, կեցվածքով հարցրեց` սիրու՞ն է, շատ` պատասխանեց Աղասի հմայված հայացքը: Կատուն մուտքի մոտ մեջքն ուռցրել` ֆշշում էր, հեռանալ չէր ուզում, Աղասը ոտքով շպրտեց, մտան տուն: Որքան էլ աշխատեց անձայն բացել` դուռը երկար ու ձիգ ճռռաց, մութ ննջարանից հայտնվեց կինը, քնատ հորանջեց, մոտ եկավ` տեսավ, զարմացած աչքերը կլորվեցին, ճմրթված ստինքը կրծկալի միջից դուրս ընկավ` լավաշի պես կախվեց, Աղասն ամաչեց, գնաց` մարմնով ծածկեց, երկու մատով կրծկալի եզրը բարձրացրեց` ստինքը գցեց տեղը, եկավ` վերստին կանգնեց աղջկա մոտ, «Խեղճ երեխուն գիշերով թողել են ճամփեքին…»,- սկսեց ու լռեց` չիմանալով ոնց շարունակել: «Բարեկամիս տանից տաքսիով գալիս էի, մեքենան խփվեց սյանը` կախվեց ձորի վրա, վարորդը գնաց գյուղից տրակտոր բերելու, ես էլ, ճարահատյալ, ոտքով եկա դեպի քաղաք, այնքան սարսափելի էր, բվերը բվվում էին, չախկալները հաչում, գայլերը ոռնում… Աստծուց էր, պարոն Աղասին հանդիպեցի ճանապարհին»,- պատմեց Մարիամիկը ողբերգական ձայնով: «Մարտիկի տնից էի գալիս,- լրացրեց Աղասը:- Ուշ ա, էրեխեն թող մեր մոտ գիշերի, առավոտ լուսով կգնա»: «Թող գիշերի, ինչ անեմ,- ուսերը վեր քաշեց կինը, ստինքը դարձյալ դուրս պրծավ` կախվեց:- Հաց կուտի՞ հյուրդ, դնե՞մ»: «Չէ, ի՞նչ հաց այս ժամին, շնորհակալ եմ»,- հրաժարվեց Մարիամիկը: «Մի բաժակ կաթ տուր,- ասաց Աղասը, դարձավ հյուրին.- Մեր կարմիր կովի կաթն ա, անարատ, համով»: «Հաճույքով կխմեմ ձեր կարմիր կովի կաթը»,- ժպտաց Մարիամիկը: Կինը բերեց, դու էլ կխմե՞ս` հարցրեց ամուսնուն, ամուսինը գլուխը բացասաբար տարուբերեց` արաղի վրա կաթ կխմվի՞: Երկու ճերմակ առվակ հոսեցին Մարիամիկի բերանի ծայրերից, կաթեցին կրծքին, թաշկինակը հանեց` սրբեց, ժպտաց, բարի գիշեր մաղթեց ու գնաց կնոջ ետևից:
Աղասը մտավ իր սենյակը, լույսը չվառեց, մթնո՛վ հանեց հագուստը, վերմակը ետ տվեց` մտավ տակը: Լուսինը եկավ, պատուհանից նայեց` ճերմակ լույսով ներկեց փոքրիկ տարածքը, Աղասը նայեց լուսնին, հիշեց. հայրն ասում էր` լուսնյակին անթարթ նայես` մինչև հարյուրը չես հասցնի հաշվել` կքնես: Մինչև երկու հարյուրը հաշվեց Աղասը, քունը մոտ չեկավ, լուսինն էլ ոնց որ Մարգարիտը լիներ` ճերմակ, սիրուն, նույնիսկ աչքերի թաքուն խաղն էր տեսնում, ու երբ տեսավ` սեփական մարմնի քրտնահոտը դիպավ քթին, ամաչեց, գուլպաները կոշիկների մեջ` դրել էր մահճակալի մոտ, դրանից էլ հոտ առավ ու ավելի ամաչեց, տարավ, դրեց հեռու պատի տակ, նորից եկավ` մտավ անկողին: Անկողինը մաքուր էր, ճռճռան, անուշաբույր… Չէ, տան հարցերում կինը երբեք չի թերանում, դեռ ահագին եռանդ կա մեջը… Դե, անկողնում էլ ոչինչ, գինով կուտվի` մտովի կատակեց Աղասը` շրջվելով պատուհանից. լուսինն աչք էր ծակում: Հայացքը պատին, թիկունքը սենյակի մուտքին` հանկարծ ոտնաձայներ լսեց` փափուկ, հուշիկ… Մոտեցան, լռեցին մահճակալի մոտ… Վախենում էր շրջվել` դատարկությունը տեսնել, դեմքը պատին` սպասում էր Աղասը… Ահա, վերմակը ետևում բարձրացավ, պաղ ոտնաթաթը քսվեց ազդրին, իջավ վար, աղջկա մարմինը եկավ` սեղմվեց իրեն, ձեռքը վրայով սահեց, մյուսը խցկվեց տակով` առաջ գնաց, ու Աղասի կրծքին նրանք գտան իրար, միահյուսվեցին: «Եկա մոտդ, Աղաս»,- շշնջաց աղջիկը: Աղասը շրջվեց… Վախենում էր, վախենում էր մարմինը հրաժարվի` վախենա անծանոթ մարմնից, սակայն աղջկա խենթացնող մաշկը, բույրերը, շոյանքները, կիսաբաց աչքերի, կիսաբաց շուրթերի գերող հմայքը, օձագալար գրկախառնությունները, տաք համբույրները մոռացնել տվին ամեն բան, մնաց միայն սերը, սերը, սերը… Լուսինը ետ գնաց պատուհանից, մութը եկավ, մութը ետ գնաց, արևի լույսը երևաց… ու նոր միայն Աղասի աչքը կպավ, քնեց Աղասը` աղջկա մարմինը գրկին, գլուխը` կրծքին, մազերը` ուսերին, դեմքին…
Իսկ երբ արեգակն այնքան էր բարձրացել, որ շողերը պատուհանից ներս եկան, Աղասն արթնացավ, տագնապած փնտրեց, աղջիկը չկար… Գնացել ա իրա սենյակը` մտածեց, հագնվեց` դուրս եկավ:
- Էն աղջիկը ի՞նչ եղավ,- հարցրեց դեպի խոհանոցը:
- Ի՞նչ աղջիկ…
- Էն, գիշերվա, էլի…
- Շատ ես խմել, Աղաս, երազում աղջիկներ ես տեսել,- ծիծաղեց կինը:- Լվացվի` արի, հաց եմ դնում:
Խոհանոցից խարկվող խոզամսի հոտ էր գալիս, չգնաց, վերադարձավ իր սենյակը, դեմքը խրեց բարձի մեջ` որսաշան պես ագահորեն հոտոտելով փնտրեց` աջ, ձախ, աջ, ձախ, իջավ սավանին, բարձրացավ, վերմակը քաշեց գլխին` դարձյալ հոտոտեց, ապարդյուն, աղջկա հոտը չկար, վերմակը շպրտեց` դուրս եկավ բակ, ջրի ծորակը բացեց` մոլորված կանգնեց առաջը, շանը կանչեց, շունը պոչը խաղացրեց` մնաց տեղում, չեկավ, մոտեցավ թթենուն, նայեց` սև փետուրն ընկած էր հողին, վերցրեց, խրեց մազերի մեջ, ժպտաց, հանեց` նետեց քամուն, քամին առավ` պտտելով բարձրացրեց` տարավ հեռու: «Մարդ իմանա` կա՞ էս աշխարհը, թե՞ սուտ ա…»,- մտածում էր Աղասը` հայացքը հեռացող փետուրին սևեռած: