Հրապարակում կազմակերպված համերգն աննախադեպ գեղեցիկ էր ու ցնցող


10:37 , 12 հոկտեմբեր, 2018

Հրապարակում կազմակերպված համերգն ինձ համար աննախադեպ գեղեցիկ էր ու ցնցող: Այդքան բավականություն ստացել էի տարիներ առաջ Անդրեա Բոչելլիի բացօթյա համերգից:

Մեր պատմության և մշակույթի ցուցադրությունն արտակարգ էր, թեև կային որոշակի կարևոր դրվագներ, որոնք կարելի էր ներառել: Սակայն ներկայացման ձևն անթերի էր՝ հեթանոսություն, քրիստոնեության մուտք, գրերի գյուտ, Կիլիկյան Հայաստանի մշակույթ, որը սերտորեն առնչվում է եվրոպականին, մատենագրություն, արվեստ, ճարտարապետություն և այլն: Ամեն բան շատ գեղեցիկ էր ու ճաշակով: Հատկապես ցնցող և անասելի գրավիչ էր Օպերայի շենքի ցուցադրությունը և Արամ Խաչատրյանի երաժշտությունն ու արտակարգ պարը:

Մեր թավշյա հեղափոխության կադրերն էլ պիտի պարտավորեցնող լինեն, որ տասնամյակներ անց պատմաբանններն ամրագրեն այդ իրադարձությունը՝ որպես հայոց նոր վերելքի ժամանակաշրջան: 

Ինձ դուր եկավ նաև ֆրանսիացի երգիչների համեստ հագուկապը: Նրանք աշխարհին ցույց են տալիս, որ առանց ավելորդ արդուզարդի ու փայլերի էլ՝ պարզապես սև ու զուսպ հագուստով, հնարավոր է բեմին լինել շքեղ և ակնահաճո տեսք ունենալ: Այս առումով մեր երգիչներն իսկապես սովորելու շատ բան ունեն:

Անչափ հպարտացա, որ ռաբիս, անիմաստ գունագեղ ու ճչան շոուների փոխարեն այս անգամ աշխարհին ցույց տվեցինք, որ մենք ոչ մի բանով էլ պակաս չենք Եվրոպայից և արժանի ենք լինելու Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ:

ՀԳ. Կարծում եմ՝ շատերս կսկսենք նաև ֆրանսերեն սովորել: Այդ գեղեցիկ, ազնավուրյան լեզուն սովորելու հրաշալի շարժառիթ է: