Այն, որ Մակրոնը ոսկեբերան հռետոր է, կասկածից դուրս է


12:51 , 11 հոկտեմբեր, 2018

Ես չգիտեմ՝ Մակրոնի ելույթն ինչ-որ մե՞կն է գրել, մի ողջ թի՞մ է աշխատել, թե՞ հենց ինքը, սակայն որ նա ոսկեբերան հռետոր է, կասկածից դուրս է: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ անհնար է սովորել կամ սովորեցնել այսքան ընտրագույն ելույթ: Գիտեմ, որ դպրոցական տարիներին հաճախել է ասմունքի խմբակ և այլն, և նման բաներ. միևնույն է, սա ասմունք չէր, այլ քաղաքական գործչի ելույթ, որի ամեն բառն ապրված ու մտածված է իր իսկ կողմից: Եվս մի քանի այսպիսի ելույթ, և իրոք, 50 տարի անց ֆրանսախոսների թիվը կհասնի 1 միլիարդի, ինչպես ինքն էր մի առիթով խոստովանել իր երազանքի մասին: 

Մակրոնի ելույթը պարզապես դասագրքային նմուշ է, որ ընդգրկում է հին հունական ճարտասանությունից մինչև ժամանակակիցը՝ ամբողջ գործիքակազմը, փաստարկման հրաշալի կարողությունը և ավելացրած մարդկային հմայքը: Դատողականության և հուզականության այսպիսի ներդաշնակ համադրությունը շշմելու է: Երկիրը ղեկավարելու Մակրոնի այստեսակ փիլիսոփայությունը նրան դարձնում է ֆրանսախոս ամբողջ հանրության առաջնորդը․ հոգու և ոգու, աշխարհընկալման և ճաշակի իմաստով նկատի ունեմ: 

Իր ուղերձները տեղ հասցնելու համար ունկնդրին բարձրացնելու ի՜նչ անկեցվածք ու ազնիվ ջանք, ի՜նչ հղկված ու նրբագեղ շարժուձև և դիմախաղ, նորանոր տարածքներ և հոգիներ գրավելու ֆրանսիական հավակնության մեջ ի՜նչ խոնարհություն: Եվ ի՜նչ հուզիչ երախտագիտություն ու ակնածանք մեր ընդհանուր հպարտության՝ Ազնավուրի անունն արտաբերելիս: 

Հատուկ հիացմունքի են արժանի գրողի և գաղափարների, գրքերի և թարգմանության, երիտասարդության, ժողովրդավարության և էլի շատուշատ թանկ արժեքների մասին նրա ինքնատիպ դատողությունները:

Ի դեպ, պատահական չէ, որ նա անձնական կյանքում էլ չի դավաճանել ինքն իրեն, չի ապրել՝ համարվելով մեծամասնության կարծիքին, և այդ խիզախությունը պարգևատրևվել է սիրով ու երջանկությամբ: