ՀՀՇ-ի ռևանշը


15:38 , 10 հոկտեմբեր, 2018

97-98-ին, երբ հողերը հանձնելու մտադրության համար իշխանությունների ուժային թևը՝ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան, տրիումվիրատի ներքո տապալեց Լևոն Տեր-Պետրոսյանին, պրոցեսները բավականին նման էին այսօրվանին։

Այն ժամանակվա ՀՀԿ-ն ՀՀՇ-ն էր, որն ուներ իր մարիոնետ կուսակցություններն ու միավորները։ Էլի նույն պատմությունն էր՝ երկար տարիներ քաղաքական մենաշնորհ ունեցող ուժ, հղփացած վիճակներ, «մեր դեմ խաղ չկա» կեցվածք։ Երբ Լևոնին հեռացրին իշխանությունից, մեկ էլ պարզվեց, որ բազում ու բազմաթիվ ՀՀՇ-ականներ գիշերները ռազմահայրենասիրական երազներ էին տեսնում և երազում էին, թե երբ է ուժային թևը հեռացնելու իշխանությունից «էդ դավաճան Լևոնին»։

Արդյունքը բոլորիս է հայտնի․ հաշված ամիսների ընթացքում բազմաթիվ երբեմնի ՀՀՇ-ականներ ու իշխանությունների կլիենտներ արագ դարձան նոր իշխանությանը սատարող ու փոխեցին կուսակցական պատկանելությունը։ Ու իհարկե, ամենաառաջինների շարքում էին այն ժամանակվա բիզնեսի ներկայացուցիչները։

Լա՞վ է դա, թե՞ վատ է։ Ես կասեմ՝ օրինաչափ է, որովհետև հասարակության մի ստվար շերտի, ինչպես նաև կապիտալի ներկայացուցիչների մեծամասնության մոտ կա կայուն վարքային առանձնահատկություն՝ նրանք միշտ ձգտում են լինել գործող իշխանությունների կողքին։ Ու հիմա էլ ոչինչ չի փոխվել, ու եթե ինչ-որ էմոցիոնալություն դրսևորելու պատճառ ունեցողներ էլ կան, դա ՀՀՇ-ականներն են։ Ոչ միայն նրանք, ովքեր մնացել են կուսակցության կազմում, այլ բոլոր նրանք, ովքեր լուսանցքից դուրս հայտնվեցին 97-98 թվերի ու հետագա զարգացումների արդյունքում, որովհետև հիմա իրենք ու իրենց քաղաքական հոգեզավակները ՀՀԿ-ի ու տրիումվիրատի շառավիղների հետ անում են ճիշտ այն, ինչ տրիումվիրատն արեց իրենց հետ 20 տարի առաջ։