Ինչ զոհաբերությունների էին նախկինում պատրաստ կանայք գեղեցկության համար


21:00 , 10 հոկտեմբեր, 2018

Բոլորին է հայտնի, որ կանայք շատ բաներ են զոհաբերում իրենց ուզածին հասնելու համար։ Երեխայի երջանկության, սիրած տղամարդու համար սա կարելի է հասկանալ, սակայն շատ են նաև դեպքերը, երբ կանայք իրենց առողջությունը կամ անգամ կյանքն են զոհում հանուն գեղեցկության։

Կորսետներ

Կորսետն առաջին անգամ օգտագործվել է 19-րդ դարում Ֆրանսիայում՝ որպես կանացի հագուստի տարր։ Այն տեսքով նման էր գոտու, որի ներսում ամուր թիթեղներ կային, որոնք սկզբում կետոսկրից էին պատրաստվում, իսկ ավելի ուշ՝ փայտից կամ պողպատից։ Ամրացված էին ձիգ լարեր։ Այս հագուստի «առաքելությունը» փորի ձգումն էր, կրծքավանդակի ներքին հատվածի սեղմումը և իրանին ցանկալի տեսք հաղորդելը։ Երբեմն կորսետը հասնում էր կոնքերին, որից հետո սկսվում էր փոռավոր կիսաշրջազգեստը։ Սակայն այս ամենն իր բացասական հետևանքներն էր ունենում. պատկերացրե՛ք, թոքերը, ստամոքսը, լյարդն ու այլ ներքին օրգանները, որոնք օր ու գիշեր ձիգ կորսետի մեջ էին գտնվում, սկսում էին բնականոն չգործել։ Մահացու դեպքեր ևս եղել են։ Ի դեպ, կետոսկրով կորսետներ կրել իրենց կարող էին թույլ տալ միայն հարուստ կանայք, քանի որ դրանք կրելու արդյունքում կրծքի դեֆորմացիա էր առաջանում և նրանք մոռանում էին երեխային կաթով կերակրելու մասին, հետևաբար վարձում էին դայակներ, որոնծ ծառայությունները թանկ արժեին։

Կապված ոտնաթաթեր

Գեղեցկության հասնելու ևս մեկ էկզոտիկ եղանակ կար, որն իր հատուկ արդյունքն էր տալիս։ Շուրջ 1000 տարի առաջ 3-10 տարեկան երեխաների ոտնաթաթերը ամուր կապում էին, որպեսզի նրանց ոտքերը նման լինեն Մոխրոտիկի ոտքերին։ Նման ոտքերն անվանում էին «ոսկե  լոտուսներ»։ Արդյունքում միայն դեֆորմացվում էին երեխաների ոտնաթաթերը և մի շարք հիվանդություններ էին ի հայտ գալիս։ Շատերն այդպես էլ չէին կարողանում քայլել մինչև կյանքի վերջ, մյուսները տեղաշարժվում էին միայն օժանդակ օգնությամբ։ Անհասկանալի է, թե ինչու էին նման քայլի դիմում, քանի որ կանանց ոտնաթաթերն այդ ժամանակներում տեսնել արգելվում էր անգամ նրանց սեփական ամուսիններին։ Կանայք քնում էին կոշիկներով։ Ոտքերի մեծ չափեր ունեցող կանայք այդպես էլ չէին ամուսնանում և մինչև կյանքի վերջ ծառայում էին միայն Աստծուն։

Ռադիացիայով կոսմետիկա

Նախորդ դարի 30-ականներին Ֆրանսիայում հայտնվեց մի գովազդ, որը կանանց հրաշքներ էր խոսք տալիս։ «Tho-radia կոսմետիկան բջիջներին կենսական էներգիա է հաղորդում, բարելավում է արյունահոսությունը, մաշկը դարձնում է հարթ ու մետաքսե, նպաստում է նիհարելուն, վերացնում է մաշկի թերությունները, կանխում է ծերությունը և ազատում է կնճիռներից»։ Խելահեղ է, այնպես չէ՞։ Ֆրանսուհիները ևս ոգևորվեցին ու սկսեցին այս կոսմետիկային վերաբերվել որպես «փրկարարական օղակի»։ Սակայն նրանց դժվար թե ինչ-որ մեկը պատմած լիներ, որ այն, ինչն օգտագործում են նրանք ամեն օր, բաղկացած է ռադիումի բրոմիդից և թորիումի քլորիդից։ Ռադիումի հայտնաբերողն ապրեց մինչև այն «երջանիկ պահը», երբ սկսեցին արտադրել ռադիոակտիվ նյութեր պարունակող քսուքներ։ 1943 թ. իշխանությունները վերջապես հասկացան, որ ռադիումը կոսմետիկայի մեջ օգտագործելը թունավոր հետևանքներ է ունենում։

Կապարից դիմափոշի

Այո, պարզվում է՝ կապարից ոչ միայն փամփուշտներ են պատրաստում։ 18-րդ դարի սկզբին կնոջ գեղեցկության մեջ մեծ դեր ուներ դեմքի գույնը։ Գեղեցիկ դեմքի գույն ստանալուն օգնում էր կապարից դիմափոշին, որը հրաշալիորեն թաքցնում էր մաշկի թերությունները՝ դարձնելով այն փափուկ ու հարթ։ Նման դիմափոշի առաջին անգամ օգտագործել են Հին Եգիպտոսում։ Տեղի կանայք այս դիմափոշով սպիտակեցնում էին դեմքը՝ արիստոկրատ տեսք ունենալու համար։ Սակայն նման միջոցի պարբերաբար օգտագործումից հետո մեկը մյուսի հետևից խափանվում էին տարբեր օրգան-համակարգերի աշխատանքները։ Կապարից դիմափոշի օգտագործել դադարեցին միայն 20-րդ դարում։