Զոհրաբ Մնացականյան. Հայ-մոլդովական հարաբերություններում առկա է դրական դինամիկա


17:40 , 9 հոկտեմբեր, 2018

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար Տուդոր Ուլյանովսկիի հետ:

ԱԳՆ մամուլի և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարների ուշադրության կենտրոնում էին երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: Երկուստեք ընդգծելով վերջին շրջանում հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները կարևորեցին համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն:

Զոհրաբ Մնացականյանն իր մոլդովացի գործընկերջը ներկայացրել է  Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները և իրականացվող բարեփոխումների գործընթացը։ 

ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքների և միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման շուրջ զրույցի համատեքստում՝ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել այդ շրջանակներում նախատեսվող որոշումների և փաստաթղթերի վերաբերյալ:

Զրուցակիցները որպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության կարևոր հարթակ նշել են բազմակողմ ձևաչափը՝ այդ առնչությամբ մասնավորապես առանձնահատուկ ընդգծելով Արևելյան գործընկերության շրջանակը։

Նախարար Մնացականյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներն ու առաջնահերթությունները միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ, անդրադարձ է կատարել հայկական կողմի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: