«Կանայք կկազմեն ԱԺ 30%-ը. կուսակցությունն ամեն 19 մանդատի դիմաց կստանա 1 ազգային փորքամասնության տեղ». Դ․ Իոաննիսյան (Video)


14:10 , 9 հոկտեմբեր, 2018
Ըստ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի՝ խորհրդարանում կանանց տոկոսը կլինի 30 տոկոս նախկին 25-ի փոխարեն, իսկ ազգային փոքրամասնությունների մասով փոփոխությունը նախատեսում է, որ կուսակցությունն ամեն 19 մանդատի դիմաց կստանա 1 ազգային փորքամասնության տեղ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկմանն ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

«Գործող Ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ ցուցակում ամեն 4-րդը պետք է լինի կին, մենք նախագծով ամրագրել ենք, որ ամեն 4-րդը դառնում է 30 տոկոս։ Այսինքն՝ 25-ը դառնում է 30 տոկոս»,- նշեց նա։

Թեև գործող ԸՕ-ով նախատեսված է, որ խորհրդարանի 25 տոկոսը պետք է լինեն կանայք, բայց 6-րդ գումարման Ազգային ժողովում կանայք ընդամենը 18 տոկոսն են կազմում։

Գործող օրենսգրքով նախատեսված է նաև, որ խմբակցություններում նվազագույնը 20 տոկոսը պետք է լինի կին, փոփոխությամբ խմբակցության 30 տոկոսը պետք է լինեն կանայք։

«Ռեյթինգային ընտրակարգի պատճառով դրա ապահովման մեխանիզմ չկար, որովհետև ռեյթինգայինով ընտրվում էին կոնկրետ անձինք, և չէր կարելի այդ անձանց մանդատ չտալ այն պատճառով, որ նրանք տղամարդ էին, որովհետև նրանք ապահովված էին։ Եվ քանի որ ռեյթինգային ընտրակարգից հրաժարվում ենք, առաջանում է գործնական մեխանիզմ ապահովելու այն թիվը, որը սահմանվում է ԸՕ-ով»,- ասաց Դ․ Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ այլ մեխանիզմ է սահմանվել նաև ազգային փոքրամասնությունների հետ կապված։ Ամեն ստացած 19 մանդատի դիմաց կուսակցությունը կամ դաշինքը կստանա 1 ազգային փոքրամասնության ներկայացուցչի տեղ։

«Այժմ ևս կուսակցություններին հնարավորություն է տրվում ունենալու 2-րդ ցուցակ այսպես կոչված, որտեղ նշվում են 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունները։ Բայց տարբերությունն այն է, որ եթե նախկինում ազգային փոքրամասնության ներկայացուցչի ընտրությունն ավելի շատ հիշեցնում էր պատահականության սկզբունքը, ապա այժմ ամեն ստացած 19 մանդատների դիմաց ստանում է 1 ազգային փոքրամասնության ներկայացուցչի տեղ։ Սա ավելի հասկանալի և կանխատեսելի կլինի ազգային փոքրամասնությունների համար»,- հայտնեց նա։