«Հրապարակ». Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործով, նրա դեմ ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը
10:50 , 9 հոկտեմբեր, 2018
«Կիրակի մի նոր քրեական բոթ տարածվեց, որը պաշտոնական հաստատում ստացավ միայն երկուշաբթի՝ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին:
Արդեն երկու օր է՝ ՀՔԾ-ն հրաժարվում է որևէ տեղեկություն հայտնել հանրությանն այն մասին, թե ինչ հանցանքի մեջ են կասկածում գործարարին: «Մենք անհրաժեշտ չենք համարում հրապարակորեն հայտնել, թե ինչու է նա ձերբակալված»,- պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակը, իսկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ընդամենը ավելացրեց. «Եթե նախաքննական մարմինը նպատակահարմար չի գտնում, մենք չենք կարող տեղեկություն տալ»:
Այսպիսով, կարելի է ասել, որ իրավապահներն առևանգել են հայտնի գործարարին՝ առանց ջանալու գոնե մոտավորապես իրազեկել հանրությանը, թե ինչ է նրան մեղսագրվում: