Օրվա առակը. Խլուրդը չի կարող արծիվ դաստիարակել


15:11 , 25 մայիս, 2013

Մի իմաստուն գնում էր ճանապարհով, հիանում էր աշխարհի գեղեցկություններով ու ուրախանում կյանքով։ Հանկարծ նա անտանելի ծանր բեռան տակ կռացած մի դժբախտ մարդու տեսավ։
– Դու ինչու՞ ես այդպիսի տառապանքների դատապարտում քեզ,– հարցրեց իմաստունը։
– Ես տառապում եմ իմ զավակների ու թոռների երջանկության համար,– պատասխանեց մարդը։– Իմ պապի հայրն ամբողջ կյանքում տառապել է պապիս երջանկության համար, պապս տառապել է իմ հոր երջանկության համար, հայրս տառապել է իմ երջանկության համար, և ես էլ իմ ամբողջ կյանքում տառապելու եմ, միայն թե իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն։
– Իսկ ձեր գերդաստանում գոնե մեկ հոգի երջանիկ եղե՞լ է,– հարցրեց իմաստունը։
– Ոչ, բայց իմ երեխաներն ու թոռներն անպայման երջանիկ կլինեն,– պատասխանեց դժբախտ մարդը։
– Անգրագետը չի կարող կարդալ սովորեցնել, իսկ խլուրդը չի կարող արծիվ դաստիարակել,– ասաց իմաստունը։– Սովորիր նախ ինքդ երջանիկ լինել, այդ ժամանակ կհասկանաս նաև, թե երեխաներիդ ու թոռներիդ ինչպես երջանիկ դարձնես։