Սահմանադրական ճգնաժամ. ի՞նչ վտանգ է սպասվում վարչապետի հրաժարականի դեպքում


03:28 , 9 հոկտեմբեր, 2018

Սա այն վտանգն է, որ սպասում է մեզ վարչապետի հրաժարականի դեպքում։
Սահմանադրության 149 հոդվածի 2-րդ կետն ասում է, որ վարչապետի հրաժարականի դեպքում 7 օրում կուսակցություններն առաջադրում են թեկնածու, ու եթե այդ թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից 7 օր անց տեղի է ունենում ևս մեկ քվեարկություն։ 

Բայց մեկ րոպե...

Եթե ոչ մի կուսակցություն թեկնածու չի առաջադրում, ինչի խոստումը հիմա տալիս են կուսակցությունները, ապա դա նշանակում է, որ չի կայանում ոչ մի քվեարկություն։

Չկա թեկնածու, չկա քվեարկություն։ Իսկ օրենքի տառն ասում է, որ, ըստ 3-րդ կետի, երկրորդ քվեարկություն իրականացվում է առաջին քվեարկությունից 7 օր հետո։ 

Հիմա, եթե չի եղել առաջին քվեարկությունը, ուրեմն՝ չկա «դրանից 7 օր հետո»-ն։ Չկա երկրորդ քվեարկությունը, որից հետո իբրև թե պիտի ցրվի Ազգային ժողովը։

Ստացվում է սահմանադրական ճգնաժամ, որտեղ երկիրը չունի վարչապետ, սահմանադրությունը չի կարող հարցի լուծում հանդիսանալ, ու մնում է մեկ գերագույն իշխանություն՝ Ազգային ժողովը՝ Բաբլոյանի գլխավորությամբ։

Մի խոսքով՝ ՀՀԿ/ՀՅԴ/Բարգավաճ կարող են առանց վարչապետի թեկնածու առաջադրելու ամեն ինչ հարամ անել։ Չեմ ասում, թե կանեն, բայց կարող են։