«Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել: Ճիշտ է՝ նրան պատկանող տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, «տուշոնկա-սգուշչոնկաներ», ավտոմեքենաների պարկ, գազանանոց, սակայն այդ տարածք մեծ թվով մարդիկ են ելումուտ արել, և քննիչները չեն կարողանում ապացուցել, որ հանցավոր արարքների հեղինակը հենց գեներալն է, այլ ոչ թե նրա թիկնազորի պետը (որը փախուստի մեջ է), կինը, աշխատողները, հարազատները: Ինքը՝ գեներալը, ցուցմունք չի տալիս, պաշտպանական տակտիկան է՝ բռնել եք, ապացուցեք մեղքը:
Անգամ «տուշոնկաների» մասով չեն կարողանում հաստատել, որ դրանք բերվել են Մ. Գրիգորյանի հրահանգով, և նա տեղյակ է եղել: Մենք տեղեկացանք, որ գեներալին առաջարկվել է «Մարտի 1-ի» գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, գոնե ասել, որ այն ժամանակ, երբ ինքն անցել էր Տեր-Պետրոսյանի կողմը և ՀՀ նախագահի կողմից ազատվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, իր նկատմամբ ճնշումներ են եղել, բնականաբար, խոստանում են թեթևացնել իր մեղքը, սակայն գեներալը հրաժարվում է: