2019-ի բյուջեի կապիտալ ներդրումներով ստեղծվելու են նոր եկամուտներ գեներացնող ակտիվներ. Ջանջուղազյան


13:40 , 4 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը 2019 թվականին իրականացնելու է արտաքին պարտքը կայունացնելուն միտված քաղաքականություն: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Գալիք տարվա բյուջեում մենք հարկաբյուջետային քաղաքականություն ենք իրականացնելու, որը պետք է պարտքը կայունացնի: Ոչ թե պարտք ենք վերցնում, որ մեր ընթացիկ կարիքները հոգանք կամ հասարակության մի մասի բարեհաճությունը շահենք, այլ՝ որպեսզի ստեղծենք նոր արդյունք, որն ի վիճակի կլինի գեներացնել նոր հնարավորություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թ. բյուջեի նախագիծը:

Գալիք տարվա պետական բյուջեի եկամուտները նախատեսվում է, որ կլինեն 1 տրիլիոն 399 միլիարդ դրամի չափ, ինչը, ըստ նախարարի, հնարավորություն է տալու իրականացնել 1 տրիլիոն 642 միլիարդ դրամի ծախսեր։

Նախարարը ձեռնպահ մնաց ծախսերը ներկայացնելուց՝ հավելելով, որ ծախսերի կառուցվածքում շատ բան չի փոխվել, մեծ տեսակարար կշիռ ունեն սոցիալական ծախսերը։ «Բնականաբար, ծանրակշիռ տեղ ունեն նաև պաշպանական բնագավառի ծախսերը։ Ավելացել է նաև կապիտալ ծախսերի կշիռը: Ակնկալվում է, որ կապիտալ ներդրումներով ստեղծվելու են նոր եկամուտներ գեներացնող ակտիվներ», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը։