Մակեդոնիան շարժվում է դեպի ՆԱՏՕ և ԵՄ, թե՞ փակուղի


13:47 , 4 հոկտեմբեր, 2018

Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության անդամակցության հնարավորությունը հարվածի տակ է հայտնվել, քանի որ օրերս կայացած հանրաքվեին մասնակիցների թիվը 36 տոկոս է եղել, իսկ, ըստ Մակեդոնիայի օրենսդրության, հանրաքվեն համարվում է կայացած, եթե դրան մասնակցել է ընտրողների առնվազն 50 տոկոսը: Հանրաքվեում քաղաքացիներին առաջարկվել էր պատասխանել մեկ հարցի՝ «Արդյո՞ք կողմ եք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ ընդունելով Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև համաձայնագիրը», որին մասնակիցների մեծամասնությունը դրական պատասխան է տվել: Իսկ համաձայնագիրը, որի մասին հիշատակվում է հանրաքվեի հարցում, ստորագրվել էր հունիսի 17-ին Հունաստանի և Մակեդոնիայի միջև` Մակեդոնիայի Հանրապետությունը (որը միջազգային փաստաթղթերում նշվում էր որպես Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն) Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու մասին: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ երկրի անվանափոխության խնդիրն անմիջականորեն կապվում է ՆԱՏՕ և ԵՄ անդամակցության հետ, ու ըստ էության, սա պատահական ձևակերպում չէ, քանի որ ակնկալվում է, որ քվեարկողները կմոտիվացվեն անդամակցության փաստով և անվանափոխության հարցը կդառնա երկրորդային: 

Երկու երկրների միջև առկա տարաձայնությունները, որոնք ձգվում են արդեն գրեթե 30 տարի, խոչընդոտում են Մակեդոնիային մուտք գործել ՆԱՏՕ և Եվրամիություն: Հունաստանը պահանջում է փոխել հարևան հանրապետության անվանումը, որպեսզի այն չշփոթեն պատմական Մակեդոնիա հունական շրջանի հետ: Նոր անվանումը հանրաքվեին հավանության արժանանալուց հետո Հունաստանի և Մակեդոնիայի խորհրդարանները պետք է վավերացնեին պայմանագիրը: Եվ միայն Մակեդոնիայի սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունները կատարելուց հետո համաձայնագիրը կարող էր ուժի մեջ մտնել՝ Մակեդոնիայի առջև բացելով դռները դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն: 

Սակայն երկրի անվանափոխությանը դեմ էին նախագահը և ընդդիմադիրները (Միացյալ Մակեդոնիա կուսակցություն), ովքեր օրեր առաջ հանդես էին եկել կոչով` չմասնակցել այդ քվեարկությանը: Մակեդոնիայի անվանափոխությանը չէր աջակցում նաև Ռուսաստանը՝ չթաքցնելով, որ դեմ է ևս մեկ բալկանյան պետության` արևմտյան կառույցներին անդամակցելու հեռանկարին և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Մակեդոնիայի արևմտամետ շրջանակները պնդում են, որ Մոսկվան ամեն կերպ աջակցել է երկրի ընդդիմությանը, որը, նախագահի գլխավորությամբ, կոչ էր անում բոյկոտել հանրաքվեն:

Չնայած հանրաքվեն ճանաչվել է չկայացած, երկրի վարչապետ Զորան Զաևը հայտարարել է, որ այն խորհրդատվական բնույթ էր կրում, և դրա արդյունքները, մեծ հաշվով, էական չեն, քանի որ այդ հարցը պետք է իր վերջնական լուծումը ստանա խորհրդարանում, որի համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների երկու երրորդը: Վարչապետը դիմել է ընդդիմադիրների օգնությանը ձայներ ապահովելու համար, սակայն համաձայնության հասնելը իրատեսական չէ, քանի որ հենց ընդդիմադիրներն են բոյկոտել այդ հանրաքվեն: Նրանք Զաևի այս քայլը որակել են որպես կեղծ ձայներ հավաքելու փորձ: 

Խնդրո առարկա հարցի վերբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև հունական կողմը: Աթենքի կարծիքով` Մակեդոնիայի հանրաքվեի արդյունքներն այնքան էլ միանշանակ չեն, նույնիսկ հակասական կարելի է համարել այն առումով, որ մասնակցության մակարդակը ցածր է եղել, իսկ մասնակիցների մեծամասնությունը կողմ է քվեարկել, hետևաբար հետագա քայլերը պահանջում են հավասարակշռված մոտեցում բոլոր կողմերից: Հունական կողմը նաև հույս է հայտնել, որ մասնակիցների դրական քվեներն արդեն «քայլ առաջ» կարելի է դիտարկել և կոչ է արել Մակեդոնիայի իշխանությանն ու ընդդիմությանը գտնել փոխզիջումային տարբերակ:

Անդրադառնանաք հանրաքվեի միջազգային արձագանքներին:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, վկայակոչելով այն փաստը, որ հանրաքվեին մասնակցողների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել փոփոխությանը, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին իշխանության պետական ինստիտուտների միջոցով շարժվել այն իրականացնելու ուղղությամբ:

Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ, չնայած այն հանգամանքին, որ հանրաքվեին մասնակցել են ընտրողների կեսից պակաս, Սկոպյեի խորհրդարանը պետք է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարի` Մակեդոնիան վերանվանելու հետ կապված:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ իր հերթին ողջունել է հանրաքվե անցակացնելու փաստը, առաջարկել բոլոր քաղաքական առաջնորդներին և կուսակցություններին կառուցողական գործել՝ պատմական հնարավորությունից օգտվելու համար: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, սակայն ազգային բոլոր ընթացակարգերը պետք է ավարտվեն:

Հարցին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ-ն` տարածելով մամլո հաղորդագրություն, որի մեջ, մասնավորապես, ասվում է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության անհապաղ աջակցությունը Մակեդոնիայի հանրաքվեի արդյունքներին, խոսում է Սկոպյեին հնարավորինս շուտ դաշինիքի մեջ ներքաշելու ցանկության մասին հակառակ բնակչության ցանկության:

Համադրելով հնչած հայտարարությունները՝ դժվար չէ տեսնել, որ Մակեդոնիայում բախվում են Ռուսաստանի և Արևմուտքի շահերը, արդյունքում երկրի ներսում կարող է քաղաքական ճգնաժամ առաջանալ: Խնդրի հանգուցալուծման մասին խոսելը վաղ է, քանի որ Մակեդոնիայի կառավարությունը և ընդդիմությունը, որը վարչապետին համարում է Արևմուտքի դրածո, կարծես թե չեն պատրաստվում զիջումների: