16:37 , 24 մայիս, 2013
ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանի ամենաքաղցր հուշերը կապված են դպրոցի հետ` առաջին սեր, ընկերներ, կռիվներ, չարաճճիություններ:
«Վերջին զանգի թերևս ամենատպավորիչ պահը հենց զանգի ղողանջն էր, որ մինչև հիմա ականջներումս է, ուսուցիչների արցունքները»,- պատմում է պատգամավորը:
Երիտասարդ պատգամավորը մինչև հիմա շփում ունի իր դասընկերների հետ, այսօր էլ պատրաստվում է իր հարազատ դպրոցում հանդիպել դասընկերներին:
«Այս տարվա մեր բոլոր շրջանավարտներին մաղթում եմ երջանկություն, առողջություն, կանաչ ճանապարհ, և ամենակարևորը՝ կյանքում լինեն արժանի զավակներ և լինեն հասարակության համար պիտանի մարդիկ», - ասաց Բոթոյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի համար դպրոցական տարիներն ամենաանհոգն էին:
«Դրանք երազանքների, ձգտումների և ընտրության տարիներ էին: Ընկերներ, շրջապատ, առաջին հաջողություններ և անհաջողություններ, սա է: Տեսանք և խորհրդային դպրոց, և նորանկախ Հայաստանի կրթական համակարգ: Մենք սովորեցինք անցումնային դպրոցում»,- վերհիշում է պատգամավորը:
Պատմում է, որ դպրոցն ավարտել է 1997 -ին. «Այն ժամանակ այսքան ճոխ չէին նշում, ամեն ինչ ավելի համեստ էր, և ես կարծում եմ, որ այդպես էլ պետք է լինի, պետք չէ նոր կյանք մուտք գործող երիտասարդներին այդքան արհեստականություն և ձևականություն հաղորդել` կարևորը այն չէ, թե ինչպես կնշենք այդ օրը, այլ կարևորը այն է` ինչ են անելու մեր երիտասարդները հետագայում իրենց ընտանիքի և իրենց հայրենիքի համար»,- կարծում է պատգամավորը:
Իսկ Վերջին զանգը Վահան Բաբայանի համար տպավորվել է նրանով, որ առաջին հանրային ելույթն այդ օրն է եղել՝ միջոցառմանը:
«Մինչ այդ ես բավականին հեռու էի մարդաշատ սրահներում ինչ-որ ելույթներ ունենալուց, իսկ ընդհանուր առմամբ շատ հիշվող օր էր իր բոլոր առանձնահատկություններով»,-պատմում է Բաբայանը:
Նա ևս կապ պահպանում է իր դպրոցական ընկերներից շատերի հետ, սակայն վերջին շրջանում ժամանակի առումով չի հասցնում հանդիպել նրանց:
«Մեր շրջանավարտներին մաղթում եմ, որ նրանք ոչ մի դժվարության դեպքում չհիասթափվեն Հայաստանից, չլքեն մեր երկիրը, ապրեն, ընտանիք կազմեն և արարեն մեր հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց պատգամավորը:

ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյան
«Դպրոցական տարիների հետ կապված են շատ վառ հուշեր, հատուկ առանձնացնել անգամ չեմ ցանկանում, քանի որ այդ տարիները ինձ մոտ ջերմության և անհոգության զգացողություն են առաջացնում: Շատ հաճելի հուշեր կան կապված իմ առաջին ուսուցչուհու՝ ընկեր Վարդանյանի հետ, ով ուսուցչուհու դասական կերպար էր նշանավորում: Հատուկ ջերմությամբ եմ հիշում դասղեկիս, հայոց լեզվի, պատմության և մաթեմատիկայի ուսուցիչներիս»,- Slaq.am-ին պատմեց Արփինե Հովհաննիսյանը:
Վերջին զանգի օրվա միջոցառումից հիշում է, որ հուզմունքից շատ դժվարությամբ ավարտեց ռուսաց լեզվի ուսուցչին նվիրված խոսքը:
«Հատուկ բան չեմ կարող առանձնացնել նշելու հետ կապված, կարող եմ ասել, որ շատ լավ նշել ենք»,- ասաց նա:
Դպրոցական ընկերների հետ պատգամավորը կապեր պահպանում է, թեև ոչ բոլորի և ոչ նույն չափով: