ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան ձեռնամուխ են եղել ապառազմականացված գոտու ականազերծմանը


10:30 , 1 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականները հոկտեմբերի 1-ից ձեռնամուխ են եղել իրենց բաժանող ապառազմականացված գոտու՝ արեւմուտքից դեպի արեւելք ձգվող չորս կիլոմետր լայնությամբ շրջանի ականազերծմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սեուլից ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում: Ականների ու չպայթած զինամթերքի վերացումն անցկացվում Է, մասնավորապես, 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների աճյունների համատեղ որոնման համար:

Ինչպես ենթադրում են Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, ապառազմականցված գոտում կարող Է լինել մի քանի տասնյակ հազար ական: Առաջին փուլը նախատեսում Է 20 օրվա ընթացքում «համատեղ հսկողության գոտու» ականազերծման աշխատանքներ իրականացնել Փանմունջոմ սահմանամերձ բնակավայրում, որտեղ գարնանն անցկացվել են Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ, Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավար Կիմ Չեն Ունի բանակցությունների առաջին երկու փուլերը: Այնուհետեւ ականազերծում կանցկացվի Կանվոնդոյի նահանգի Չհորվոն գավառում, որտեղ կորոնեն զոհվածների աճյունները: