Ինչ է փոխվել նոր Ընտրական օրենսգրքում. Դանիել Իոաննիսյանը ներկայացնում է հիմնական փոփոխությունները


13:21 , 28 սեպտեմբեր, 2018

Ռեյթինգային ընտրակարգի վերացում, տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, ավագանու, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմի՝ 4 ու 6 տոկոսների նվազեցում,  փոփոխություններ՝ կուսակցությունների՝ կոալիցիաներ կազմելու ընտրակարգում, նախընտրական քարոզչության ու դրա ֆինանսավորման խաղի կանոնների փոփոխություն:

Սրանք վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից մշակված Ընտրական նոր օրենսգրքում արված սկզբունքային փոփոխություններն են, որոնք ներկայացրեց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

«Հանում ենք կոալիցիայի ձևավորման սահմանափակումը, այսինքն՝ նախկինում կոալիցիա կարող էր կազմել 3 կուսակցություն և և դրա համար ընդամենը 6 օր ուներ, հիմա մենք ժամկետը երկարացնում ենք, քանակական սահմանափակումը հանում ենք»,- մանրամասնեց Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ, փաստորեն, հավասարեցվել են ՏԻՄ մարմիններում ու ԱԺ-ում անցողիկության շեմերը, քանի որ գործող Ընտրական օրենսգրքով ԱԺ ընտրություններում կուսակցությունների անցողիկության շեմը կուսակցությունների համար 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7:

«Սրա հիմնավորումն այն է, որ քաղաքական ուժերը երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինեն ավելի համամասնական»,- նշեց Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Հարցին, թե արդյոք դրա հետևանքով Ազգային ժողովում չե՞ն կարող ներկայացված լինել  պատահական, «անկապ» քաղաքական ուժեր, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Եթե ազատ, արդար ընտրությունների արդյունքում բնակչության 4 տոկոսի ձայներն է ստանում որևէ քաղաքական ուժ, ապա այն չի կարող անկապ կամ պատահական լինել և իրավունք ունի ներկայացված լինելու ԱԺ-ում՝ լինելով հանրության մի ծանրակշիռ հատվածի ներկայացուցիչը:
Նշենք, որ երեկ ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը, որն այսօր կհաստատվի վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից, ապա հրապարակումից հետո կներկայացվի հանրության դատին:

Երկուշաբթի կհրապարակվի, դրա հիման վրա արդեն շատ շուտով կներկայացնենք նախագիծ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում խորհրդարանական ուժերի մասնակցությամբ ԸՕ քննարկումներ էին արվում: Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ԱԺ-ում առանձին նախագիծ չէր մշակվում, դրանք քննարկումներ էին, մոտեցումներ,  և ծուրջ 35 առաջարկ են ներկայացրել իրենց, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ: