Հայկական պետություն և պետականություն ունենալը երազանք է եղել բոլոր ժամանակների բոլոր հայերի համար


07:30 , 27 սեպտեմբեր, 2018

Նախընտրական սև-սպիտակի և մրցապայքարի թոհուբոհի մեջ աննկատ մնաց և պատշաճ ուշադրության ու լայն հանրային քննարկման չարժանացավ ՀՀ նախագաի՝ ՀՀ խորհրդարանի 100-ամյակի առթիվ հնչեցրած ելույթում տեղ գտած մի քանի կարևոր թեզեր, որոնց շարքում ես կառանձնացնեի «հայկական ինքնության» հստակեցման և սահմանման պատմական հրամայականը։

Հայկական պետություն և պետականություն ունենալը երազանք է եղել բոլոր ժամանակների բոլոր հայերի համար, սակայն դա ունենալուց հետո մեզ չի հաջողվել արմատավորել պետության և պետականության նկատմամբ հարգանք, հավատ և վստահություն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով։

Թողնելով սուբյեկտիվ պատճառների ուսումնասիրությունը՝ քաղաքական ուժերին և գործիչներին, փորձեմ ներկայացնել պետականության ընկալման և արդյունավետ իրացման հարցում առկա օբյեկտիվ պատճառները։

Առաջին և հիմնական խնդիրը, իմ խորին համոզմամբ, «հայկական ինքնության» համընդհանուր ճանաչված և ընդունված սահմանման բացակայությունն է։

Այս խնդիրն առավել լուրջ նշանակություն է ձեռք բերում փոքր պետությունների և մեծ ազգերի համար, քանի որ մեր հայրենակիցների գերակշռող մեծամասնությունը բնակվում է հայրենիքից դուրս և ամեն օր ենթարկվում է ասիմիլյացիայի վտանգի՝ ինքնության ընկալման լղոզված պատկերացումների և ազգային ինստիտուտների աստիճանական հեղինակազրկման և մարգինալացման ֆոնին։

Հայկական ինքնության սահմանումը, դրա հիմքում դրված հենասյուների ամրապնդումը, հեղինակության և վստահության կապիտալի ձևավորումն անխուսափելիորեն կբերեն պետության և պետականության նկատմամբ խորը հարգանքի և վստահության։

Այս հանգամանքը ձեռք է բերում կենսական նշանակություն ժամանակակից իրողությունների պայմաններում, երբ պետության կենսագործունեության մեջ մեծ դերակատարում են ստանում «ազգային պետության» հակառակորդները՝ տոգորված և ոգեշնչված գլոբալիզացիայի գործընթացով, որոնք առանց աչք թարթելու կկազմաքանդեն իրենց ճանապարհին կանգնած ամեն ինչ, հատկապես ազգային պետության հենասյուն համարվող ինստիտուտները։

Իմ խորին համոզմամբ՝ հայկական ինքնության անսասան հենասյուներն են հայ առաքելական եկեղեցին, հայկական բանակը, պատմական ժառանգությունը, լեզուն, մշակույթը, հայկական ավանդույթները, մեծ հայկական երազանքը։

Վստահ եմ՝ կան տարբեր այլ հենասյուներ, որոնք դուք կարող եք ավելացնել, բայց բոլորս պետք է ընդունենք, որ նշված ինստիտուտները ներկայումս հայտնվել են վտանգավոր, խոցելի վիճակում և թիրախ են դարձել գլոբալիստների կողմից ֆինանսավորվող տարաբնույթ իրավապաշտպանների կողմից։

Կոռուպցիայի դեմ պայքարի, կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կրթության համակարգի բարեփոխումների քողի տակ կարող է ականապատվել ազգային ինստիտուտների կենսագործունեությունն ու վտանգի տակ դրվել դրանց գոյությունն, առհասարակ։

Ներկայումս աշխարհում ընթանում է լուրջ պայքար գլոբալիստների և ազգային պետության պահպանման ու ամրապնդման կողմնակիցների միջև, իսկ նախագահ Թրամփի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթը դրա վառ ապացույցն է։

Հայաստանը մշտապես դիտարկվել և ընկալվել է որպես «ազգային պետության» դասական օրինակ՝ 98% հայկական բնակչություն, պետական և դոմինանտ կրոն, պետական լեզու, և գլոբալիստների հաղթանակը Հայաստանում զգալիորեն կամրապնդի նրանց դիրքերը համաշխարհային մրցապայքարի հորձանուտում։

Հարկավոր է առանց հապաղելու ձեռնամուխ լինել «հայկական ինքնության» հստակ և կոնկրետ ձևակերպմանը և այդ «ինքնության» հիմքի վրա մշակել և գործողության մեջ դնել «հայկական շահի» և «Հայաստանի ազգային և պետական շահի» դոկտրինները, որոնք կդառնան Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների իշխանությունների և Հայաստանից դուրս գտնվող հայկական կառույցների գործունեության ուղեցույցը։

Հապաղելու պարագայում մենք կկորցնենք նախ՝ հայկական ինքնությունը, ապա՝ նաև հայկական պետությունն ու պետականությունը։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանն ու բոլոր հայերին։