Բողոք չունենք. Մխիթարյանի մայրը՝ տղայից դիվանագիտական անձնագիրը վերցնելու մասին


01:00 , 27 սեպտեմբեր, 2018
Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, նշում է, որ իրենք բողոք չունեն այն կապակցությամբ, որ ՀՀ ԱԳՆ-ն ֆուտբոլիստից հետ է վերցրել դիվանագիտական անձնագիրը: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, այդ տեղեկությունը լայն քննարկման առարկա է դարձել մամուլում: Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՖՖ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանը նշեց, Մխիթարյանը դիվանագիտական անձնագիրը ստացել է 2 տարի առաջ եւ հետ է վերադարձրել 2 ամիս առաջ: Նա նաեւ ասաց, որ իրենք ոչնչից չեն դժգոհում:

«Ոչ բողոքելու բան ունենք, ոչ էլ պարտավորեցնում ենք, որ տան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք չեն դիմելու ՀՀ կառավարություն անձնագիրը վերականգնելու համար:

Մարինա Թաշչյանը նշեց, որ դիվանագիտական անձնագիրը որդուն օգնում էր բազմաթիվ դեպքերում խուսափել փաստաթղթային քաշքշուկներից: Ասաց, որ ակումբի ու հավաքականի հանդիպումների գրաֆիկը շատ խիտ է, ու դա վիզայի հետ կապված ավելորդ լարվածություն չունենալու միջոց էր: Ամեն դեպքում, Թաշչյանն ընդգծեց, որ հիմա որդին ճանապարհորդելիս խնդիրներ չի ունենում:

««Արսենալն» այն ակումբը չէ, որ թողնի՝ քաշքշուկի մեջ ընկնի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պարզապես ավելորդ աշխատանք է կատարվում փաստաթղթերի հարցում:

Թաշչյանը նշեց, որ որդին իր դերն ունի Հայաստանն աշխարհում ճանաչելի դարձնելու հարցում: Ըստ նրա՝ ՀՀ-ն մի շարք դեպքերում ճանաչում են որպես Մխիթարյանի հայրենիք: Ասաց, որ անձնագիրը վերադարձնելու վերաբերյալ նամակը ստանալուց հետո Մխիթարյանն անմիջապես արել է դա, սակայն ազդվել է:

«Շատ ազդվել էր, շատ նեղվել էր»,- ասում է նա՝ ավելացնելով, որ դա պարզապես վերաբերմունք էր:

Մխիթարյանը միակը չէ, ում դիվանագիտական անձնագիրը հետ է վերցվել: Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ չեղարկվել է 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր: