Սիրողական հարցում. տեղեկատվության սպառումը և վստահելիության աստիճանը


11:31 , 24 մայիս, 2013

Прошу прощения у русскоязычных друзей, но не было времени перевести. В данной публикации представлен результат моего маленького анализа-опроса положения <потребления> информации и степени доверия. 

Մենք ապրում ենք տեղեկատվական հեղեղի ժամանակաշրջանում: Ամեն օր հասարակությունը սպառում է ահռելի քանակությամբ տեղեկատվություն, «մարսում» այն, հետևություններ անում, կարծիք ձևավորում, երբեմն նաև դրա հիման վրա մշակում իր հետագա անելիքները: Գաղտնիք չէ նաև, որ թե՛ պետական կառույցները, թե՛ քաղաքական ուժերը և թե՛ տարբեր քաղաքացիական շարժումները որպես հիմնական գործիք կիրառում են ԶԼՄ-ները և սոցցանցերը: Վերջիններիս առումով Հայաստանում խոսքը հատկապես գնում է Facebook-ի մասին:
  Շուրջ երեք շաբաթ տևած փոքր հետազոտությունս, որին մասնակցեցին 300 հոգի, նպատակ ուներ պարզելու, թե մարդիկ ո՞ր աղբյուրներից են գերադասում տեղեկատվություն ստանալ և որո՞նք են համարում վստահելի:
  Վերջերս ԱՄՆ-ում անցած Մեդիագրագիտության դասընթացի ժամանակ անդրադարձ էր եղել նաև այս՝ մեդիայի «վստահելիության» (credibility) թեմային: Մեր խմբին ներկայացվեցին վստահելի և ոչ կամ պակաս վստահելի աղբյուրները՝ ըստ ամերիկյան հասարակության: ԱՄՆ-ում վստահելի աղբյուրներ են համարվում հեռուստատեսությունը, տպագիր մամուլը (խոսքը ոչ դեղին մամուլի մասին է), լրատվական կայքերը, իսկ պակաս վստահելի՝ բլոգները և սոցցանցերում արված գրառումները: Հարցմանս արդյունքում պարզեցի, որ մեր տեղեկատվության սպառողը վստահելիության այլ պատկերացումներ ունի: Ընդ որում, դա կապված է համացանցի օգտագործման տարածման և տարիքային խմբի հետ:
  Ի սկզբանե նշեմ, որ թե՛ Facebook-ում, թե՛ Երևանի փողոցներում և ծանոթներիս շրջանակում, թե՛ գյուղական համայնքներում հարցվողները «վստահելիություն» բառը իսկույն կապում էին քաղաքական բնույթի տեղեկատվության հետ:
Ստորև ներկայացնում եմ հարցմանս արդյունքները.
1. Սոցցանցերի ակտիվ օգտատերերը տեղեկատվությունը գերադասում են ստանալ համացանցից: Նրանց մեծամասնությունը նախապատվությունը տալիս է ԲԼՈԳՆԵՐԻՆ և ՎՍՏԱՀԵԼԻ օգտատերերի գրառումներին: Երկրորդ տեղում տպագիր մամուլն է, երրորդում՝ էլեկտրոնային ԶԼՄ-ները: Հարցման ընթացքում որևէ մեկը չնշեց հեռուստատեսությունը՝ որպես վստահելի տեղեկատվության աղբյուր:
2. Մայրաքաղաքի փողոցներում, ծանոթ-հարևանների շրջանակում արված հարցման արդյունքում պատկերը հետևյալն է. գերակշիռ մասը (35-60 տարեկան) տեղեկատվությունը գերադասում են ստանալ համացանցից՝ էլեկտրոնային ԶԼՄ-ներից նաև իրենց երեխաների միջոցով՝ սոցցանցերի օգտատերերից ու բլոգներից, երկրորդ տեղում «Ազատություն» ռադիոկայանն էր, որը հիշատակեցին հիմնականում մեքենայի ղեկին երկար ժամանակ անցկացնողները և 60-ից բարձր տարիքային խմբում գտնվողները, երրորդում տպագիր մամուլն էր (հարցիս, թե ո՞րը, ամենահաճախ պատասխանն էր «Առավոտ», «Հայկական ժամանակ» թերթերը), չորրորդում՝ հեռուստատեսությունը, որը հիշատակեցին 10 հոգի:
3. Չորս գյուղերում անցկացված հարցումները (շնորհակալություն աջակցողներին) ցույց տվեցին, որ գյուղական համայնքներում տեղեկատվությունը հիմնականում ստանում են հեռուստատեսությունից, թեպետ 60-ից միայն 20-ն են նշել, որ վստահում են այդ միջոցով ստացված տեղեկատվությանը: Երկրորդ տեղում ռադիոն էր, և կրկին մեծամասնությունը նշեց հենց «Ազատություն» ռադիոկայանը: Երրորդում՝ տպագիր մամուլը, չորրորդում՝ էլեկտրոնային ԶԼՄ-ները, հինգերորդում՝ սոցցանցերը և բլոգները:
Նշեմ նաև, որ վերջերս շատ ավելի պրոֆեսիոնալ հարցում է անցկացվել «Նորավանք»-ի կողմից՝ «ԶԼՄ լսարանի առանձնահատկությունները Հայաստանում» (noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=7081)
Մասնավորապես, հետաքրքիր էին «ՀՀ տնային տնտեսություններում համակարգչի առկայություն և ինտերնետ օգտագործում» և «ՀՀ տնային տնտեսություններում ինտերնետի օգտագործման հիմնական նպատակները» աղյուսակները:
Հ.Գ. Հիշատակելով որոշ ԶԼՄ-ներ՝ հեղինակը գովազդելու նպատակ չի հետապնդել: