Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, սկսում պատրաստել բիսկվիթի խմորը:
Խոհանոցային կոմբայնի կամ սովորական ամանի մեջ լցնում ենք 3 ձու և 8 դեղնուց (100 գ սպիտակուցը մեզ պետք է գալու կրեմի համար), հարում ենք 200 գ շաքարավազի ու մեղրի հետ: Հարում ենք 15-20 րոպե, մինչև ստանանք բաց գույնի թեթև զանգված:

Ալյուրը, օսլան ու կակաոն մաղում ենք, քիչ-քիչ լցնում ձվային խառնուրդի մեջ, ամեն անգամ լցնելուց հետո թիակի ներքևից վերև շարժումներով զգուշությամբ խառնում, որպեսզի օդեղեն զանգվածը չնստի: Ստացված խմորը լցնում ենք ձիթայուղով պատած և ալյուր ցանած 24 սմ տրամագծով ձևամանի մեջ: Թխում ենք մոտ 45 րոպե: Բիսկվիթի թխված լինելը ստուգում ենք փայտե չոփիկով:

Թխված բիսկվիթը ջեռոցից հանում ենք և ցանցի վրա լավ հովացնում:

Ստացվում է գեղեցիկ, մոտ 6 սմ բարձրությամբ բիսկվիթ:

Պատրաստում ենք կրեմը: 250 գ փափկեցրած կարագը և 250 գ նուտելլան հարում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ փքուն զանգված: Դնում ենք սառը տեղում, բայց ոչ սառնարանում:

Պատրաստում ենք իտալական մերենգան, որը հետո պետք է խառնենք շոկոլադային կրեմին: Փոքր կաթսայի մեջ լցնում ենք 35 գ ջուր և 75 գ շաքարավազ, դնում կրակին, անընդհատ խառնելով եռացնում: Լավ կլինի օգտվել խոհանոցային ջերմաչափից, քանի որ եռացող օշարակի ջերմաստիճանը պետք է լինի 121 աստիճան:

Այդ ընթացքում 100 գ սպիտակուցը հարում ենք մնացած 25 գ շաքարավազի հետ: Հենց որ օշարակը հասնում է անհրաժեշտ ջերմաստիճանի, բարակ շիթով սկսում ենք լցնել հարած սպիտակուցի մեջ՝ անընդհատ հարելով: Հարում ենք այնքան, մինչև զանգվածը դառնա խիտ, հարթ, փայլուն ու թեթև, նաև հովանա (եթե ջերմաչափ չունեք, օշարակ եփելիս խառնեք այնքան, մինչև շաքարավազը լրիվ հալչի, դառնա թափանցիկ, և եռա առնվազն 1 րոպե):

Վերցնում ենք դասական շոկոլադային վաֆլին:

Բլենդերով մանրացնում ենք այնքան, որ վերածվեն մանր փշրանքների:

Ավարտին ենք հասցնում կրեմի պատրաստումը․ հարած սպիտակուցին քիչ-քիչ ավելացնում ենք շոկոլադային կրեմն ու զգուշորեն խառնում, որպեսզի զանգվածը համասեռ դառնա:

Վերջում ավելացնում ենք վաֆլու փշրանքներն ու նորից խառնում:

Բիսկվիթը բաժանում ենք միևնույն հաստության երեք շերտի:

Տակի շերտի բիսկվիթը դնում ենք սկուտեղի վրա, 200 մլ կաթ տաքացնում և խոհարարական վրձնով քսում բիսկվիթին:

Կրեմը երկու մասի ենք բաժանում, քանի որ քսելու ենք 2 շերտին: Կրեմի մի կեսը քսում ենք տակի շերտին: Ստացվում է այնպես, որ բիսկվիթի շերտի ու կրեմի հաստությունը նույնն է լինում:

Վրայից դնում ենք երկրորդ շերտը, կաթով թրջում ու քսում կրեմի մյուս կեսը:

Դնում ենք վերևի՝ երրորդ շերտ, կաթով թրջում ու դնում հով տեղում:
Պատրաստում ենք շոկոլադե գանաշը: Կաթսայի մեջ ենք լցնում սերուցքն ու ավելացնում փափկած կարագը (20 գ): Դնում ենք շատ մարմանդ կրակին ու անընդհատ խառնում այնքան ժամանակ, մինչև կարագը լրիվ հալչի:

Չենք թողնում, որ սերուցքը եռա: Ավելացնում ենք շոկոլադի կտորները, փայտյա գդալով խառնում այնքան, մինչև շոկոլադը լուծվի, իսկ զանգվածը խտանա: Կրակից վերցնում ենք, թողնում՝ հովանա:

Հենց որ գանաշը մի քիչ խտանում է, լցնում ենք տորթի վրա ու թիակով հավասարաչափ տարածում՝ ծածկելով նաև կողքերը: Տորթը զարդարելու համար ներքևից կողքերին շարում ենք շոկոլադապատ բարակ վաֆլիներ: Եթե գանաշ է ավելանում, այն հարում ենք, լցնում հրուշակային պարկի մեջ ու տորթի վրա վարդեր ձևավորում:

Լավ կլինի, որ տորթը մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր մնա սառնարանում:

Ահա և վերջ:
