Ինքնասպանություն Արարատի մարզում․ 55-ամյա տղամարդը ծիրանի ծառից կախվել է․ նրա մոտ հայտնաբերվել է երկտող ուղղված ոստիկաններին


02:00 , 24 սեպտեմբեր, 2018
shamshyan.com-ը գրում է
Երեկ, սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում ծառից կախված դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի բնակչի տանը հայտնաբերել են 55-ամյա Շահեն Գ․-ի դին՝ ծիրանի ծառից կախված վիճակում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի մոտ հայտնաբերվել է նամակ, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «5 ամիս է տառապում եմ անքնությամբ, ներվային համակարգս շարքից դուրս է եկել, ոչ մեկին չմեղադրեք, հարգելի ոստիկաններ»։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։