Բոլորիդ տոնը շնորհավոր. Անահիտ Թարխանյանը քվեարկեց


12:10 , 23 սեպտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է․

«Երևանի հանրություն» նախաձեռնության` Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանն այցելեց թիվ 9/59 ընտրական տեղամաս և կատարեց իր ընտրությունը:

Թարխանյանը լրագրողներին ողջունեց՝ ասելով՝ բոլորիդ տոնը շնորհավոր: Հարցին` այսօր տո՞ն է, նա պատասխանեց` այո, տոն է: «Այսօր իսկապես տոն է: Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, և իմ վստահությունն եմ հայտնում, որ դրանք լինելու են արդար ու ազնիվ: Կոչ եմ անում բոլորին` գալ ընտրատեղամաս և մասնակցել ընտրություններին: Կարծում եմ՝ մեծ իրադարձություն կլինի բոլորիս կյանքում»,- ասաց նա:

Թարխանյանը հույս հայտնեց, որ բոլոր երևանցիները հնարավորություն կունենան իրենց նախասիրություններին համապատասխան ընտրություն կատարելու:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում երեկ ոստիկանության՝ ԲՀԿ գրասենյակ մտնելուն ու ստուգումներ անելուն, Թարխանյանը պատասխանեց, որ վաղը հայտարարություն կանեն դրա վերաբերյալ: «Այսօր եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք»,- ասաց նա: