«Իմ Քայլը» դաշինքը հենց հակահեղափոխական ուժ է. Արամ Սարգսյան


12:00 , 22 սեպտեմբեր, 2018
anlitik.am-ը գրում է

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, էրեբունի վարչական շրջանում «Լույս» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լույս» դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց.«Պարոն Փաշինյան շատ լավ սկսեցիք ամենասկզբից, նույնիսկ Առաքել Մովսիսյանը կանգնեց ու ասաց, որ շատ շնորքով ներխուժեցին մեր տուն, այնքան շնորքով, որ անգամ երեխաները չվախեցան՝ այդպես էլ շարունակել է պետք:

Ի՞նչ իմաստ կա ասֆալտին փռելու, նույնիսկ ամենավատ օրենքը կարելի է այնքան լավ կիրառել, որ մարդիկ գոհ մնան: Մեր երկիրը բազմաթիվ վտանգներ ունի, այս ուղղությամբ է պետք մտածել, տեսեք՝ ինչ է կատարվում աշխարհով մեկ: Սիրիայից սկսած այսօր պատժամիջոցներ են կիրառում մեր գործընկեր Ռուսաստանի նկատմամբ, այսօր պատժամիջոցներ են կիրառում մեր հարևան երկիր Իրանի վրա, և այս 2 երկրներն ընդհանուր շահեր ունեն և այդ շահերը խաչմերուկվում է Ադրբեջանով, ոչ թե Հայաստանով՝ այս ուղղությամբ է մտածել պետք, այս ուղղությամբ է պետք ելույթ ունենալ ու հայտարարություններ անել:

Այս երկիրը տնտեսական լուրջ խնդիրներ ունի, այս խնդիրներին անդրադառնալ է պետք, պետք չէ միայն հայտարարել ու գործ չանել: Եկեք գործ անենք ու ոչ մի հակահեղափոխություն չի լինի, եթե դուք ասում եք, որ Հայկ Մարությանը 99 տոկոս ձայն հավաքի, հա թող հավաքի, թող ձեր սրտով լինի, բայց դրանով դուրս կգա, որ «Իմ Քայլը» դաշինքը հենց հակահեղափոխական ուժ է և որ ինքը հաղթեց հենց ինքն իրեն, որովհետև, պարոն վարչապետ, Դուք ինքներդ բազմաթիվ անգամներ հայտարարել եք ու դեմ եք խոսել միակուսակցական համակարգին:

Ի վերջո, ես ինքս ձեր աշխատասենյակում ասել եմ՝ ընկեր, եթե դու գտնում ես, որ մեր չմասնակցելը կամ Հայկ Մարությանին պաշտպանելը երկրին ու պետությանը օգուտ է, ես դուրս կգամ ու չեմ մասնակցի: Բայց օգուտ չի, չէ, մենք ժողովրդավարություն ենք ուզում ստեղծենք, շատ լավ էիր ասել, որ մեզանով ամեն ինչ մենակ սև ու սպիտակ չէ, մենք շատ ավելի վառ գույներ ունենք՝ հենց դա էլ պահել էր պետք: Թե չէ Հայկ Մարությանի ասած սև ու սպիտակ կամ մեր դեմ խաղ չկան, եկաք դուք էլ ասացիք՝ այո, Հայկը մի բան գիտեր, որ ասում էր սև ու սպիտակ է ու հետն էլ ինքը 90 տոկոս պետք է հավաքի:Այդպես չի լինում, ուզում եք ձայն չհանենք կամ որ ձայն ենք հանում, դուրս է գալիս, որ հակահեղափոխական ենք: Մեր ասածն հետևյալն է՝ մեր քաղաքում պետք է ընտրվի թեկնածու, ով կառավարման փորձ ունի, ով լուրջ է, ով գիտելիք ունի, ախր մարդը պետք է մի քիչ թաղապետարանում աշխատած լինի, թաղապետի տեղակալ եղած լինի, իշխանության մեջ որևէ բան արած լինի, հասկանա, թե այդ մեխանիզմը, այդ մեքենան ոնց են վարում: Հո այդպես չէ, մարդկային առումով բոլորն էլ լավն են, բայց հո չի կարելի, պետք է ճիշտ թեկնածու ընտրել ու քվեն տալ նրան: Այդ միակուսակցական համակարգը մենք տեսել ենք, շատ չի անցել այն ժամանակվանից, որ գյուղապետերը մի կուսակցությունից էին, քաղաքապետերը լրիվ մի կուսակցությունից էին, վարսավիրները մի կուսակցությունից էին, եթե դա ենք ուզում սարքել, բա հեղափոխությունն ինչի համար էր կամ եթե դա չենք ուզում սարքել, բա 90 տոկոսը որն է»: