Ինչ է «Մորզեի այբուբենը» և ինչպես է այն այսօր օգտագործվում


22:45 , 21 սեպտեմբեր, 2018

1838 թ. փետրվարի 8-ին Սեմյուել Մորզեն հանրությանը ներկայացրեց իր գյուտը՝ էլեկտրամագնիսական հեռագրի համակարգը: Սարքը կարողանում էր ոչ մեծ տարածությունների վրա հաղորդագրություններ փոխանցել հատուկ կոդավորման միջոցով: Այդ կոդը ստացավ «Մորզեի այբուբեն» անվանումը:

Նկարիչ-գյուտարարը

Սեմյուել Մորզեն տեխնիկական կրթություն չուներ: Նա հաջողակ նկարիչ էր, Նյու Յորքի Նկարչության ազգային ակադեմիայի հիմնադիրն ու նախագահը: Եվրոպայում նավով ճամփորդությունից վերադառնալով՝ Մորզեն տեսավ էլեկտրամագնիսական ինդուկցիայի միջոցով կատարվող հնարքներ, որոնք զվարճացնում էին ձանձրացած հանրության: Էլեկտրական լարման տակ գտնվող մետաղալարը մոտեցնում էին կողմնացույցին, որի սլաքը սկսում էր «խելագարի պես» պտտվել:

Հենց այդ ժամանակ էլ Մորզեի գլխում միտք հղացավ՝ մետաղալարերով որոշակի ազդանշաններ փոխանցելու: Նկարիչն անհապաղ սկսեց հեռագրիչի նախագծումը: Նախագիծը կազմված էր զսպանակով լծակից, որի ծայրին մատիտ էր ամրացված։ Հոսանք տալու դեպքում մատիտն ընկնում էր, և շարժվող թղթե ժապավենի վրա գիծ էր թողնում, իսկ հոսանքի անջատման դեպքում մատիտը բարձրանում էր, և գծի վրա ճեղք էր առաջանում:

Հեռագրի գյուտը

Մորզեին հաջողվեց գաղափարը կյանքի կոչել միայն 3 տարի անց, քանի որ տեխնիկական կրթության պակասը շատ էր զգացվում նրա մոտ: Առաջին սարքը կարողացավ ընդունել և գրանցել ազդանշանը 500 մ երկարություն ունեցող մետաղալարով: Այդ տարիներին այս գյուտն առանձնահատուկ հետաքրքրություն չառաջացրեց մարդկանց մոտ, քանի որ կոմերցիոն նպատակներ չուներ:

Մորզեի գյուտի պոտենցիալը նկատեց արդյունաբերող Սթիվ Վեյլը: Նա ֆինանսավորեց նկարչի հետագա հետազոտությունները և նրան որպես օգնական նշանակեց իր որդուն՝ Ալֆրեդին: Արդյունքում նախագիծը հաջողվեց կատարելագործել. այն առավել հստակորեն էր ընդունում ազդանշանը, իսկ մետաղալարի երկարությունը հաջողվեց մեծացնել մի քանի անգամ: Նման հեռագիրն արդեն հնարավոր էր օգտագործման դնել, իսկ 1843-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշեց առաջին հեռագրային գիծն անցկացնել Բալտիմորի և Վաշինգտոնի մեջ: Արդեն մեկ տարի անց այդ գծով առաջին հեռագիրը փոխանցեցին՝ «Հրաշալի են քո արարքները, Աստվա՛ծ»:

Մորզեի այբուբենը

Բնական է, որ սարքը չէր կարող տառերն արտացոլել. այն կարողանում էր միայն որոշակի երկարության գծեր անել, սակայն դա բավական էր: Գծերի ու կետերի տարատեսակ համակցությունները խորհրդանշում էին այբուբենի տառերն ու թվերը:

Ի սկզբանե Մորզեի այբուբենը կազմված էր տարբեր երկարություններ ունեցող երեք ազդանշանից: Որպես միավոր ընդունված էր համարել կետը: Բառի տառերի միջև եղած դադարը երեք կետ էր, իսկ բառերի մեջ դադարը՝ յոթ կետ: Ստեղծված նշանների առատությունը խառնաշփոթ էր ստեղծում ու բարդացնում էր հեռագրի ընդունման ընթացքը: Այդ պատճառով էլ Մորզեի մրցակիցներն աստիճանաբար վերջնական տեսքի բերեցին կոդը: Առավել տարածված արտահայտությունների ու տառերի համար մշակվել էին թվերի ու տառերի ավելի պարզ համակցություններ:

Ինչպես են կիրառում Մորզեի այբուբենն այսօր

Մեր օրերում, որպես կանոն, օգտագործում են կապի առավել ժամանակակից միջոցներ: Մորզեի այբուբենը երբեմն կիրառում են նավատորմերում և ԱԻՆ-ում: Այն շատ հայտնի է ռադիոսիրողների շրջանում:

Մորզեի այբուբենը, ամենայն հավանականությամբ, երբեք չի մահանա, քանի որ այն կապի ամենահասանելի ու պարզ միջոցն է: Ազդանշան ընդունել հնարավոր է հեռու տարածությունների վրա և անգամ ուժգին ռադիոմիջամտությունների դեպքում: Հաղորդագրությունները հնարավոր է ծածկագրել ձեռքով, իսկ ձայնագրումն ու վերարտադրումն արվում են պարզագույն սարքերի օգնությամբ: Այս եղանակով Մորզեի այբուբենը չի հիասթափեցնի արտակարգ իրավիճակում:

Միջինում ռադիոհաղորդիչը րոպեում փոխանցում է 60-100 նշան: Ռեկորդային արագությունը րոպեում 260-310 նշան է: Մորզեի այբուբենի ուսումնասիրման ողջ բարդությունը կայանում է նրանում, որ բավական չէ ընդամենը հիշելը յուրաքանչյուր տառի կետերի ու գծերի համակցությունը:

Հեռագիրը լրջորեն ուսումնասիրելու համար հարկավոր է հիշել «մեղեդիները», որոնք ստացվում են, երբ հնչում է տառն ամբողջությամբ: Օրինակ՝ «ֆի-լի-մոն-չիկ» մեղեդին նույնական է «ֆ» տառին:

SOS ազդանշանն արգելվում է տալ, եթե ծովում մարդկանց կյանքին կամ նավերին վտանգ չի սպառնում: SOS-ը փոխանցվում է առանց դադարների, հետևյալ տեսքով՝ « . . . _ _ _ . . . »` որպես մեկ տառ: