Մեկնարկեց Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը


19:30 , 20 սեպտեմբեր, 2018

Ազգային ժողովի բակում քիչ առաջ մեկնարկեց  Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։

Ինչպես փոխանցում է ԱԺ-ում այս պահին աշխատող Panorama.am-ի թղթակիցը, միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, ՀՀ գործադիր և  դատական իշխանությունների ներկայացուցիչներ, մեր երկրում հավատարմագրված դիվանագետներ, բարձրաստիճան հոգևորականներ, պաշտոնատար անձինք:

«Ժողովրդի ազատ կամարտահայտման ու պետական կառավարման զարգացման  ասպարեզում մեզ համար դար է փոխվում։ Խորհրդարանական կառավարման ուղին մենք ընտրեցինք 1918 թվականի  մայիսյան հաղթանակից անմիջապես հետո՝ ծանր ու քաոսային մի ժամանակաշրջանում։ Հայությունը հանդես բերելով իրավական բացառիկ բարձր գիտակցություն, ընդունեց իր քաղաքական պատմության շրջադարձային որոշումներից մեկը»,-ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ողջույնի իր խոսքում։